ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բյուջե 2022․ ռազմական ծախսեր, ենթակառուցվածքներ և այլն

Բյուջե 2022․ ռազմական ծախսեր, ենթակառուցվածքներ և այլն

Կառավարությունը սեպտեմբերի 30-ին հավանության արժանացրեց 2022 թվականի բյուջեի նախագիծը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր․ «2022 թ. բյուջեն հենվում է 3 հիմնական առաջնահերթությունների վրա: Առաջինը՝ անվտանգության համակարգի բարեփոխում, երկրորդը՝ ենթակառուցվածքների զարգացում, երրորդը՝ կրթության և գիտության արդիականացում»: Ըստ Փաշինյանի՝ առանձնակի ուշադրության է արժանանալու անվտանգության ապահովումը։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագիծը, առանձնացրել հետաքրքիր կետերը և հիմնական փոփոխությունները՝ ըստ ոլորտների։

Բյուջեն ավելանում է․ ի՞նչ է փոխվել

Հայաստանի 2022 թվականի բյուջեի ծախսերը 2021 թվականի համեմատ աճել են շուրջ 5 տոկոսով կամ 337 միլիարդ դրամով։ Իսկ եկամուտներն աճել են 33 տոկոսով կամ մոտ 400 միլիարդ դրամով։

Բյուջեի ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է մի քանի ոլորտներում նախատեսվող հատկացումների աճով։ Ամենամեծ աճն Աշխատանքի և սոցիալական հարցերի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններին հատկացումներն են՝ համապատասխանաբար, շուրջ 80 միլիարդ և 68 միլիարդ դրամ։ ՏԿԵ նախարարության հատկացումներն ավելանում են շուրջ 31․6 տոկոսով, իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն՝ 15 տոկոսով։ 

Զգալիորեն՝ շուրջ 27 տոկոս, աճում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորումը։ Կառավարությունը նախատեսում է ոլորտի ֆինանսավորումն ավելացնել 48 միլիարդ դրամով՝ դարձնելով 226 միլիարդ դրամ։ Շուրջ 65 տոկոսով ավելանում են գիտության ֆինանսավորման ամենամեծ ծրագրի՝ գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների համար հատկացվող միջոցները՝ դառնալով շուրջ 26 միլիարդ դրամ։ 

Շուրջ ինը միլիարդ դրամով ավելանում է հանրակրթության ֆինանսավորումը, իսկ 2021 թվականի մեկ միլիարդ դրամի փոխարեն 15 միլիարդ դրամ է նախատեսվում հատկացնել «Ապահով դպրոց» ծրագրի իրականացման համար։ 

2022-ին նախատեսվում է զգալիորեն ավելացնել մասսայական սպորտային միջոցառումների ֆինանսավորումը։ Շուրջ 1․6 միլիարդ դրամ նախատեսվում է հատկացնել մարզական օբյեկտների շինարարությանը։ Այս կետով հատկացումներ 2021 թվականին չեն եղել, իսկ 2020 թվականին հատկացվել էր 192 միլիոն դրամ։

Նախատեսվում է ֆինանսավորել նաև «Վարչապետի գավաթ» միջոցառումների շարքը․ 4 միջոցառման համար նախատեսվել է մոտ 111 միլիոն դրամ։

Առողջապահության ոլորտի ֆինանսավորումը ավելանալու է շուրջ 5 միլիարդ դրամով կամ 5 տոկոսով։ Մոտ 2 միլիարդ դրամով նվազում է «Հանրային առողջության ապահովում» ծրագրով ֆինանսավորումը։  

2022 թվականի համար գործադիրը շուրջ 15 անգամ ավելացնում է կառավարության պահուստային ֆոնդի գումարները․ 2021-ի 4․5 միլիարդ դրամի փոխարեն նախատեսվում է հատկացնել շուրջ 69 միլիարդ դրամ։ 

Ընդհանուր առմամբ, շուրջ 54 միլիարդ դրամ է նախատեսվում հատկացնել 10 մարզպետարաններին՝ 11 տոկոսով պակաս, քան 2021-ին։ Առավել մանրամասն մարզպետարաներին հատկացվող միջոցները ներկայացված են ինտերակտիվ գրաֆիկում։ 

Ռազմական ծախսերը

Բյուջեի նախագծով ծախսերի 23․7 տոկոսը կազմում են «Պաշտպանություն, հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործ» տողով հատկացումները՝ 518․8 մլրդ։ 2021 թվականի համեմատ այս տողով աճը կազմում է շուրջ 11 տոկոս։ 

Պետբյուջեի 2022 թվականի նախագծով 33 միլիարդ դրամով ավելացել են ռազմական ծախսերը. այս տարվա 312 միլիարդ դրամի փոխարեն 2022-ին նախատեսվում է հատկացնել 345 միլիարդ դրամ։ Հատկացումների մեծ մասն ուղղվելու է ՊՆ շենքային պայմանների բարելավմանը։ Միաժամանակ, 2021 թվականի համեմատ չի փոխվելու ռազմական կարիքների բավարարմանը նախատեսվող գումարի չափը՝ 217 միլիարդ դրամ։ Նշենք, որ 2020 թվականին բյուջեի այս կետով հատկացվել է 243 միլիարդ դրամ։

Կապիտալ ծախսեր

Կառավարությունը նախատեսում է ավելացնել նաև կապիտալ ծախսերը՝ բյուջետային ուղերձում նշելով, որ այնուամենայնիվ, առկա է թերակատարման ռիսկ, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ տնտեսական աճի վրա։ Նշենք, որ այս տարվա առաջին կիսամյակում կապիտալ ծախսերը թերակատարվել են 35․7 տոկոսով։ Ըստ 2022 թվականի բյուջեի նախագծի՝ կապիտալ ծախսերի համար 2022 թվականին հատկացվելու է 346․5 մլրդ դրամ։ Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշն ավելի է շուրջ 60 տոկոսով։ 

Եկամուտներ և դեֆիցիտ

Բյուջետային եկամուտների 94․7 տոկոսն ապահովելու են հարկային եկամուտները, 1․8 տոկոսը՝ պաշտոնական դրամաշնորհները, իսկ 3․2 տոկոսը՝ այլ եկամուտները։ Հետաքրքրական է, որ Հայաստանին տրվող պաշտոնական դրամաշնորհները հաջորդ տարվա բյուջեի նախագծով կազմելու են շուրջ 40 միլիարդ դրամ՝ 2021-ի 24 միլիարդի համեմատ։ Նշենք, որ Եվրոպական միությունը Հայաստանի համար նախատեսում է աննախադեպ մեծ աջակցություն, որի մի մասը երկրին փոխանցվելու է որպես պաշտոնական դրամաշնորհ։ 

Ըստ բյուջեի նախագծի՝ դեֆիցիտը (պակասուրդ) կազմելու է 242․2 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 3․1 տոկոսը։ 2021 թվականի բյուջեով նախատեսված դեֆիցիտը ՀՆԱ-ի 5․3 տոկոսի չափով է։

  • Կիսվել: