ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բուքմեյքերական գրասենյակներն ու խաղասրահները պետք է տեղափոխվեն մարդաշատ բնակավայրերից․ Ֆիննախի նոր նախագիծը

Բուքմեյքերական գրասենյակներն ու խաղասրահները պետք է տեղափոխվեն մարդաշատ բնակավայրերից․ Ֆիննախի նոր նախագիծը

Հայաստանի ֆինանսների նախարարությունը նոր նախագիծ է հանրային քննարկման ներկայացրել, որով ներկայացվում է բուքմեյքերական գրասենյակի կամ խաղասրահի միջոցով կազմակերպման գործունեության իրականացման վայրի նկատմամբ պահանջները և չափանիշները, InfoPort.am-ը տեղեկանում է իրավական ակտերի նախագծերի միասնական կայքից:

Այսպիսով, առաջարկվող նախագծով տարվա նոյեմբերի 1-ից բուքմեյքերական գրասենյակի կամ խաղասրահի միջոցով գործունեություն կարող է իրականացվել կրթական եւ պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից, հիվանդանոցներից որոշակի հեռավորության վրա գտնվող տարածքներում:

Նախարարության հաղորդմամբ՝ մինչ այս բուքմեյքե¬րական գրասենյակի կամ խաղասրահում վիճակախաղի գործունեության իրականացման վայրերի նկատմամբ նման չափանիշներ սահմանված չեն եղել։ Այս փոփոխություններով Ֆինանսների նախարարությունը նպատակ ունի բարձրացնել այդ ոլորտի նկատմամբ վերահսկողությունը։

«Ներկայում վիճակախաղի կազմակերպումն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում, ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը տեղակայված է բնակավայրերի մարդաշատ վայրերում: Այս փաստը բացասական ազդեցություն է թողնում հասարակության վրա` վիճակախաղերով հրապուրվելու վտանգ ստեղծելով»,- հայտնել է Ֆինանսների նախարարությունը։

Մասնավորապես, ֆինանսների նախարարությունն առաջարկում է Երևանի վարչական շրջաններում սահմանել ուղիղ գծով առնվազն 150 մետր, Կոտայքի մարզի մարզկենտրոնում և Ծաղկաձորի համայնքում, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու եւ Շիրակի մարզերի մարզկենտրոններոււմ` ուղիղ գծով առնվազն 100 մետր, Վայոց ձորի մարզի մարզկենտրոնում և Ջերմուկի համայնքում, Սյունիքի մարզի մարզկենտրոնում եւ Մեղրի համայնքում եւ Տավուշի մարզկենտրոնում` ուղիղ գծով առնվազն 50 մետր հեռու է որևէ կրթական եւ պատմամշակութային հաստատություններից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցների տարածքներից:

Բացի այդ, վիճակախաղի կազմակերպման գործունեության իրականացման համար նախատեսված խաղասրահների, բուքմեյքերական գրասենյակների յուրաքանչյուր սպասարկման սրահի մակերեսը չպետք է գերազանցի 200 քառակուսի մետրը։

  • Կիսվել: