երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԲՏԱ նախարարությանը 2023 թ. նախատեսվում է հատկացնել շուրջ 14,5 մլրդ դրամ

ԲՏԱ նախարարությանը 2023 թ. նախատեսվում է հատկացնել շուրջ 14,5 մլրդ դրամ

2023 թ. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը կհատկացվի շուրջ 14,5 մլրդ դրամ՝ ներառյալ կառավարման ապարատի պահպանման ծախսերը: Հատկացվելիք միջոցները կուղղվեն մի շարք ծրագրերի իրականացմանը: Այս մասին ասել է ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախնական ծրագրերի ու ֆինանսական հատկացումների քննարկման ժամանակ:

Ըստ նախարարի՝ «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի, թվայնացման և շուկայի զարգացման» ծրագրի գծով 2023 թ. նախատեսվել է հատկացնել 3 մլրդ 659 մլն 6 հազար դրամ:

Ծրագրի նպատակն է բարձր տեխնոլոգիաների ենթակառուցվածքների բարելավումը: Մասնավորապես, կիրականացվեն կադրերի թիրախավորված պատրաստում և վերապատրաստում՝ հաշվի առնելով շուկայի կտրուկ զարգացումն ու կադրերի նկատմամբ շուկայի պահանջարկի կտրուկ աճը:

Պետական աջակցություն կտրամադրվի ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին:

Հեռահաղորդակցության ապահովման ծրագրի գծով 2023 թ. նախատեսվել է հատկացնել 2,585.1 մլն դրամ: Նպատակն է ապահովել հեռահաղորդակցության և կապի ծառայությունների որակի կանոնակարգումն ու բարելավումը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ռադիոհաճախականային տիրույթի 92 տոկոս մաքրության ապահովում, հեռահաղորդակցության և կապի ծառայությունների որակի կանոնակարգում և բարելավում:

Բուհ-մասնավոր հատված համագործակցության շրջանակում կպատրաստվի 2000 մասնագետ, դրամաշնորհային ծրագրի շրջանակում 30 կազմակերպության կտրամադրվեն դրամաշնորհներ, կիրականացվի մեկ աքսելերացիոն ծրագիր՝ 30 շահառու թիմերի և 150 մասնակիցների համար, կիրականացվի տաղանդի ձևավորման և գլոբալ տաղանդի ներգրավման համար 1-ական միջոցառում, արտասահմանում կիրականացվի վերապատրաստման շուրջ 15  միջոցառում:

Նախարարը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին, որոնք առնչվել են ոլորտի խնդիրներին:

  • Կիսվել: