ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԲՏԱ նախարարի տեղակալը Ժնևում ներկայացրել է արհեստական բանականության կիրառման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները

ԲՏԱ նախարարի տեղակալը Ժնևում ներկայացրել է արհեստական բանականության կիրառման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մայիսի 2-3-ն աշխատանքային այցով գտնվել է Ժնևում և մասնակցել Համաշխարհային տնտեսական ֆորումի «Growth Summit 2023» գագաթաժողովին:

 

Գագաթաժողովի ընթացքում, բազում հանդիպումներին զուգահեռ, Գևորգ Մանթաշյանը մասնակցել է «Growth Hotspots: Harnessing the Generative AI Revolution» (Աճի թեժ կետեր. Օգտագործելով գեներատիվ արհեստական բանականության հեղափոխությունը) թեմայով պանելային քննարկմանը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել արհեստական բանականության դերին հասարակության կյանքի կազմակերպման, ներազդման վտանգների և կարգավորումների կարևորության տեսանկյունից: Բանախոսները ընդգծել են նաև արհեստական բանականության ուրույն դերն արդյունաբերության մեջ, ընդգծել տարբեր կազմակերպությունների կողմից պատասխանատու կիրառության կարևորությունը:

 

Իր ելույթում Գևորգ Մանթաշյանը ընդգծել է գեներատիվ արհեստական բանականության կիրառման, հնարավորությունների ու մարտահրավերների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

«Որպես կառավարություն մենք պարտավոր ենք ապահովել և՛ տեխնոլոգիաների զարգացումը, և՛ հասարակության անվտանգությունը: Ներկայումս մենք ուսումնասիրում ենք, թե հանրությունը որքանով է պատրաստ կիրառել տեխնոլոգիական նոր գործիքները: Արհեստական բանականության բազմաթիվ կիրառությունները ցույց են տալիս, որ այն տնտեսական զարգացման ու տեխնոլոգիական առաջընթացի կարևորագույն գործիք է: Սակայն ցանկացած գործիք սխալ կիրառելու դեպքում կարող է վնասակար լինել, և այս առումով շատ կարևոր են էթիկայի արժեքներով շարժվելը և ոլորտային կանոնակարգումները»,- նշել է Գևորգ Մանթաշյանը:

Աշխատանքային այցի շրջանակներում նախարարի առաջին տեղակալը հանդիպումներ է ունեցել նաև տարբեր պետությունների պատվիրակությունների ներկայացուցիչների և միջազգային գործընկերների հետ և քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության օրակարգի ընդլայնմանն առնչվող հարցեր:

«Աշխատատեղեր և հնարավորություններ բոլորի համար» խորագրի ներքո անցկացվող ֆորումը միավորել էր 450 համաշխարհային առաջնորդների՝ տարբեր պետությունների կառավարություններից, ակադեմիական և գործարար շրջանակներից, քաղաքացիական հասարակությունից ու միջազգային կազմակերպություններից՝ քննարկելու համաշխարհային տնտեսության առաջնային խնդիրները, նպաստելու տնտեսական համագործակցության նոր մեխանիզմների ձևավորմանը:

  • Կիսվել: