Բարեբախտաբար, տրանսֆերտների դերակատարումը ՀՀ տնտեսության մեջ այլևս մեծ չէ․ Էկոնոմիկայի նախարար
«Բարեբախտաբար, տրանսֆերտների դերակատարումը ՀՀ տնտեսության մեջ այլևս մեծ չէ, ինչպես, օրինակ, սրանից 15 կամ 20 տարի առաջ։ Տրանսֆերտները կարող են բացարձակ արժեքով ավելացած լինել, սակայն մեր ընդհանուր տնտեսությունը շատ ավելի արագ է աճել, քան տրանսֆերտների դերակատարումը»,- ամփոփելով գործունեության 100 օրը` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա նաև անդրադարձավ հարցին, թե բացասական ի՞նչ հետևանքներ է ունեցել ռուս-ուկրաինական պատերազմը ՀՀ տնտեսության վրա։ Ըստ նախարարի` այնպես չէ, որ պատերազմի հետևանքով ՀՀ տնտեսությունը շահեկան դիրքում է հայտնվել։
«Ուզում եմ հիշեցնել, որ մինչև պատերազմը` 2022 թ. առաջին երկու ամիսներին, մեր տնտեսական ակտիվությունը երկնիշ է եղել։ Չենք բացառում, որ դրական իրադարձություններ էլ են եղել։ Օրինակ` ՀՀ են եկել ոլորտային բազմաթիվ աշխատողներ, սակայն չենք մոռանում նաև բացասականը»,- նշեց Պապոյանը։