ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բանկին դիմելով ոչ թե մարդիկ իրենց կյանքը բարելավում են, այլ խորտակվում են. Ծառուկյան

Բանկին դիմելով ոչ թե մարդիկ իրենց կյանքը բարելավում են, այլ խորտակվում են. Ծառուկյան

«Ամենակարևորը բոլորդ էլ այս երկրում ապրում եք, տեսնում եք, որ հիմնական կերակրողը, ժողովրդին պահողը դա գյուղատնտեսությունն է, բայց այսօր այն շատ վատ վիճակում է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե մտահոգություն չունի գյուղատնտեսության առնչությամբ։

Նրա խոսքով՝ անասնապահներին տրամադրվող սուբսիդավորումը ոչ մի բան չի փոխելու։

«Էսօր մարդն ունի 2 կով, 3 կով և հանդիսանում է ֆերմերներ։ Այսօր գյուղատնտեսության հիմնական զարգացման համար, փոքր ու միջին բիզնեսի համար, որը դա պետության ողնաշարն է, հարկավոր է բանկային համակարգը փոխել։ Հիմնականում աշխարհով մեկ ընդունված է՝ գյուղատնտեսության համար, փոքր ու միջին բիզնեսի համար կան տոկոսներ վարկերի՝ 0 տոկոս, 0,25 տոկոս, որից պետք է օգտվեն գյուղացիները, որ կարողանան ոտքի կանգնել: Եթե գյուղացին ունի 3 կով, որ կարողանա ֆերմեր դառնալ, թող մեկ տոկոս սարքեն։ Ամենակարևորը գյուղացին լինի, փոքր ու միջին բիզնեսը, լիարժեք  իրավունք չունեն վարկ տալուց 1 տոկոս, 2 տոկոս, միանգամից դնեն, որ հենց առաջին ամսից սկսեն գումարները պահել, ինքնըստինքյան սնանկանալու է»,- նշեց նա։

Գագիկ Ծառուկյանի խոսքով՝  պետք է հանդիպումներ կազմակերպվեն, քննարկվեն գյուղացուն մտահոգող խնդիրները։

«Հիմա նա 2 միլիոն վարկ է վերցրել, 20 հատ հորթ է վերցրել, նա պետք է դրանց պահի, մեծացնի, բազմացնի: Կամ գյուղացին, որ ցանքով է զբաղվում, 1 հա ցանելու համար հարկավոր է 100-110 հազար դրամ, նա պետք է ցանի, հավաքի բերքը, որ վարկը փակի։ Մենք մեր ժողովրդին պետք է հնարավորություն տանք, չխեղդենք,  որ էդ մարդիկ կարողանան հզորանալ, ոչ թե գոյատևել։ Դրա համար պետք է հանդիպումներ, քննարկումներ լինեն։ Բանկին դիմելով ոչ թե մարդիկ իրենց կյանքը բարելավում են, այլ խորտակվում են։ Պետք է այդ խնդիրները քննարկել, եւ հիմնական այդ մարդկանց ձեռքից բռնել։ Ասում եմ՝ վարկը վերցնում են, մյուս ամսից ասում ա վարկը փակի, բայց մարդուն պետք է հնարավորություն տաս միայն տոկոսը փակի,  2 տարի հետո նոր մայր գումարը փակի, որ արդյունքը տեսնի»,- նշեց նա։

  • Կիսվել: