երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
2019-ի 3-րդ եռամսյակում բանկային համակարգում ունենք դրական ցուցանիշներ. ՀԲՄ նախագահ

2019-ի 3-րդ եռամսյակում բանկային համակարգում ունենք դրական ցուցանիշներ. ՀԲՄ նախագահ

2019-ի 3-րդ եռամսյակում բանկային համակարգում ունենք դրական ցուցանիշներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանը՝ ներկայացնելով 2019 թ. 3-րդ եռամսյակում ՀՀ բանկային համակարգի գործունեության հիմնական ցուցանիշները:

Մհեր Աբրահամյանը նշեց, որ բանկային համակարգում իրացվելիության ցուցանիշները բավական բարձր են:

ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն էլ ներկայացրեց համակարգի հիմնական ցուցանիշները. «Բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 9-րդ ամսվա վերջի դրությամբ կազմել է 818 միլիարդ դրամ, ակտիվները՝ 5 տրիլիոն 395 միլիարդ դրամ, վարկերը՝ 3 տրիլիոն 370 միլիարդ դրամ, պարտավորությունները 4 տրիլիոն 576 միլիարդ դրամ»:

Խոսելով ավանդների հանդեպ վստահության մասին` Սեյրան Սարգսյանը նշեց. «Ավանդները նույնպես աճել են և ոչ միայն 3-րդ եռամսյակի ընթացքում։ Եթե վերջին տարիների դինամիկան նայենք, մշտապես աճման միտում ունենք, որը խոսում է բանկային համակարգի նկատմամբ հասարակության վստահության մասին։ Հայաստանում բանկի սնանկացման վերջին դեպքը, եթե չեմ սխալվում, եղել է 17 տարի առաջ, որը խոսում է բանկային համակարգի կայունության մասին»։

«Բանկերը հիմա տրանսֆորմացիայի փուլում են»,- ասաց Սարգսյանը` խոսելով բանկային համակարգում նորագույն տեխնոլոգիաների ներդրման մասին: Իր հերթին Մհեր Աբրահամյանը նշեց. «Մրցակցությունը խթանում է, որ բանկերը լինեն ավելի ինովացիոն, ավելի ակտիվ և ներդրումներ անեն տեխնոլոգիաներում, որովհետև, ի վերջո, նման ներդրումների նպատակը արդունավետության բարձրացումն է, ծախսերի նվազեցումը կամ եկամուտների ավելացումը»։

  • Կիսվել: