ԱԺ քննիչ հանձնաժողովը կգնա «Հայաստան» համահայկական հիմնադրամից պետբյուջե փոխանցված գումարների հետքերով. ՔՊ-ն կողմ քվեարկեց
Ինչպես են ծախսվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքված միջոցները. հարցի առնչությամբ ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր հայտարարեց, որ հանձնաժողովը ղեկավարելու է ինքը:
Նա հույս հայտնեց, որ այս հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այս մղումով կառաջնորդվեն:
«Քննությունը լինելու է օբյեկտիվ, համակողմանի, ամբողջական ու այդ քննության արդյունքում վեր են հանվելու բոլոր նմանատաիպ կնճռոտ հարցերը», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:
ՔՊ խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն էլ ասաց, թե ցանկացած խնդիր, որը հանրության ուշադրության դաշտում է, պետք է պարզ ու թափանցիկ կերպով քննվի:
«Մենք ունենք բավարար քաղաքական կամք՝ ցանկացած հարցին տալ սպառիչ պատասխան, բայց այս ամենն արվելու է առանց էմոցիաների, առանց քաղաքական ենթատեքստերի: Կարող եմ ասել, որ այս հանձնաժողովն իր բովանդակությամբ պետք է արտացոլի քննիչ հանձնաժողովի բոլոր գործառույթները», - ասաց նա:
Բաղդասարյանն ընդդիմադիր գործընկերներին կոչ արեց զերծ մնալ քաղաքական երանգներից:
«Որովհետև, եթե մտնենք այդ դաշտ, կարող է պարզվի, որ նույն հիմնադրամը տարիներ շարունակ նախկինում շատ գումարներ է վատնել, շատ մասնավոր ընկերությունների «ատկատների» խողովակ է հանդիսացել», - ասաց ՔՊ խմբակցության քարտուղարը:
Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին ԱԺ որոշման նախագիծը դրվեց քվեարկության՝ ստանալով 83 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայն: Որոշումն, այդպիսով, ընդունվեց:
Օրենքի պահանջով ստեղծված քննիչ հանձնաժողովը կունենա 11 անդամ: