կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱԺ-ն վավերացրեց 100 մլն դոլարի և 100 մլն եվրոյի վարկային երկու համաձայնագիր

ԱԺ-ն վավերացրեց 100 մլն դոլարի և 100 մլն եվրոյի վարկային երկու համաձայնագիր

ՀՀ ազգային ժողովը վավերացրեց երկու վարկային համաձայնագիր, բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը:

 «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին և Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքների նախագծերն ԱԺ դեկտեմբերի 9-ի արտահերթ նիստում ներկայացրեց  Ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը:

Փոխնախարարն ընդգծեց, որ երկու համաձայնագրերն էլ վերաբերում են հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ոլորտներին:

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ստորագրված համաձայնագրին՝ նա ասաց. «Ներգրավվելու է 100 մլն դոլարի վարկ: Նշյալ բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են ՀՀ 2022 թ պետբյուջեի մասին օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը: Եվ վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետբյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ այս համաձայնագիրը կապված է բազմաթիվ բարեփոխումների հետ: Օրինակ՝ հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, նաև պետական ծախսերի արդյունավետության բարձրացումն է կամ պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումները, կանաչ տնտեսության քաղաքականության մշակումը և այլն:

«Բացի այն, որ ներգրավվող բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը, նշյալ ծրագրերի քաղաքականության աղյուսակով սահմանված միջոցառումները նպաստել են կառավարության բարեփոխումների օրակարգի իրականացմանը՝ միտված լինելով պետական պարտքի և հարկաբյուջետային ռիսկերի կառավարման ամրապնդմանը, պետական արժեթղթերի շուկայի բարելավմանը, կորպորատիվ թափանցիկության ընդլայնմանը»,-ասաց փոխնախարարը:

Այսպիսով` Ասիական զարգացման բանկից ներգրավվելու է 100 մլն դոլար՝ լողացող տոկոսադրույքով:  Տոկոսադրույքը կազմում է  SOFR + 0.6% մարժա: Վարկի տրամադրման ժամկետը կազմում է 12 տարի, արտոնյալ ժամկետը՝ 3 տարի:

Իսկ Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից ներգրավվող վարկը կազմում է 100 մլն եվրո: Կառավարությունը հնարավորություն ունի ընտրելու՝ վարկը ներգրավել ֆիքսված, թե լողացող տոկոսադրույքով: «Ֆիքսված տոկոսադրույքի դեպքում տոկոսադրույքը կազմում է 3.87 տոկոս, իսկ լողացող տոկոսադրույքի դեպքում՝ 6-ամսյա EURIBOR (կամ դրա անհնարինության դեպքում համապատասխան կողմնորոշիչ տոկոսադրույք) ավելացրած 0.95% մարժա: Վարկի ժամկետը կազմում է 20 տարի, արտոնյալ ժամկետը՝ 5 տարի»,-ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ վարկային միջոցները ներգրավվում են բյուջեով նախատեսված պակասուրդը լրացնելու համար և ուղղված են այնպիսի կարևոր բարեփոխումների, որոնք կնպաստեն կառավարման համակարգի հետագա բարելավմանը, ֆինանսական շուկաների բարելավմանը, ինչն իր հերթին կնպաստի տնտեսական զարգացմանը:

«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը նշեց՝ բազմիցս կառավարությունից լսել են, որ փող շատ կա, հիմա փող չկա՞, դրա համա՞ր են պարտք վերցնում: Փոխնախարարը պատասխանեց, որ աշխարհում երևի 1-2 պետություն կա, որոնց բյուջեն դեֆիցիտային չէ: Կառավարությունը միշտ ծախսում է ավելի շատ, քան հարկ է հավաքում:

«Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը քվեարկությամբ ստացավ 59 կողմ, 26 դեմ ձայներ, պատգամավոր Գևորգ Պապոյանն իր կողմ քվեարկությունը ներկայացրել էր գրավոր: Իսկ Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը քվեարկությամբ ստացավ  63 կողմ, 27 դեմ ձայներ՝ գումարած Գևորգ Պապոյանի գրավոր կողմ քվեարկությունը:

  • Կիսվել: