ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱԺ աշխատակիցների համար ՀՀ բյուջետային գործընթացի վերաբերյալ աշխատաժողով է անցկացվել

ԱԺ աշխատակիցների համար ՀՀ բյուջետային գործընթացի վերաբերյալ աշխատաժողով է անցկացվել

Հանրային ֆինանսների կառավարման ոլորտում Ազգային ժողովն ունի առանձնահատուկ դերակատարություն: Մասնավորապես, բյուջետային վերահսկողական գործառույթը, որի արդյունավետ իրականացումն Ազգային ժողովի առաջնահերթություններից է:

Առաջիկայում խորհրդարանը քննարկելու է ՀՀ 2021թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, այնուհետեւ՝ ՀՀ 2023թ. պետական բյուջեի նախնական տարբերակում ներառված բյուջետային ծրագրերը: Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ ապրիլի 29-ից մայիսի 1-ն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների փորձագետների, պատգամավորների օգնականների համար Աղվերանում կազմակերպվել էր աշխատաժողով «ՀՀ բյուջետային գործընթացը. ծրագրային եւ գենդերազգայուն բյուջետավորում» թեմայով:

Այն անցկացրել է խորհրդարանի Բյուջետային գրասենյակը՝ Ազգային ժողովի կարողությունների շարունակական զարգացում գործառույթի իրականացման շրջանակներում, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հարցման հիման վրա, Միավորված ազգերի զարգացման ծրագրերի կազմակերպության (ՄԱԶԾ) «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ:

Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը մասնակիցներին ներկայացրել է Հայաստանում բյուջետային գործընթացը՝ մանրամասնելով ԱԺ դերը, ծրագրային եւ գենդերազգայուն բյուջետավորման էությունն ու կիրառության առանձնահատկությունները: Զեկուցողը խոսել է նաեւ Բյուջետային գրասենյակի գործունեության, տրամադրած ծառայությունների եւ դրանցից օգտվելու հնարավորությունների մասին:

 

Բյուջետային գրասենյակի փորձագետ Աշոտ Եղիազարյանն էլ անդրադարձել է ռազմավարական պլանավորմանը եւ բյուջետային ծրագրերի հետ դրա կապին: Նշվել է, որ ոլորտային հստակ ռազմավարությունների առկայությունն է միայն հնարավորություն տալիս իրականացնելու ճշգրիտ եւ արդյունավետ բյուջետավորում: Ներկայացվել է Բյուջետային գրասենյակների կամ Անկախ ֆինանսական ինստիտուտների դերն ու դրանց վերաբերյալ միջազգային փորձը:

Մասնակիցները հետաքրքրվել են բյուջետային ծրագրերի կատարողականի մակարդակով, դրանց գնահատման ձեւերի, գնումների գործընթացում մեկ անձից կատարվող գնումների եւ այդ հարցում հնարավոր փոփոխությունների, ինչպես նաեւ գենդերազգայուն բյուջետավորման գործիքների ու դրանց կիրառման վերաբերյալ:

Նշենք, որ 2019թ. Հայաստանի պետական բյուջեն ամբողջությամբ կազմվում է ծրագրային բյուջետավորման ձեւաչափով:

  • Կիսվել: