երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ազգային փոքրամասնությամբ համայնքներում սուբվենցիոն ծրագրեր կիրականացվեն արտոնյալ պայմաններով

Ազգային փոքրամասնությամբ համայնքներում սուբվենցիոն ծրագրեր կիրականացվեն արտոնյալ պայմաններով

Կառավարության չզեկուցվող հարցերի ցանկում ընդունվել է սուբվենցիոն ծրագրերի լավարկման ևս մեկ որոշում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ խնդրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին ներկայացնել այն:

Սանոսյանը նշեց. «Մեկում հետևյալ ձևակերպումն ենք տվել. մինչև 100 մլն բյուջե ունեցող և ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներում Կառավարությունը առկա գործակիցներին լրացուցիչ 15 տոկոս կավելացնի: Եվս 2 ուղղությամբ ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների առումով աշխատանք ենք անում. մեկը՝ դոտացիաների հետ կապված փոփոխություններ ենք արել, որի արդյունքում իրենց տրվող գումարները կավելալան, հիմա նախագիծն ԱԺ-ում է, ինչպես նաև առանձին ծրագրեր ենք անում ամբողջովին պետբյուջեից:

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կքննարկենք այն համայնքների հայտերը, որոնք նախորդ տարվա հարկերը տուրքերը և այլ վճարները հավաքագրել են 90 և ավելի տոկոսով: Այսինքն՝ մենք խրախուսում ենք, որ համայնքները պատշաճ հավաքագրում իրականացնեն:

Բայց հաշվի առնելով, որ կարող են լինել դեպքեր, ինչ-ինչ պատճառներով որոշակի խնդիրներ լինեն, բայց համայնքում կարևոր ծրագիր լինի՝ տեղ ենք թողել, որ փոխվարչապետի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողովը կարող է դիտարկել այդ ծրագրերը:

Մյուս կարևոր փոփոխությունով մանկապարտեզներ, մշակույթի տներ կառուցելիս ծրագրի մեջ պետք է նշվեն հետագա դրա պահպանման ծախսերը, հետագա ընթացքը նույնպես պետք է ծրագրում ապահովվի:

Մյուս կարևոր հարցը, որ փորձել ենք կարգավորել. մանկապարտեզների և այլ շենք-շինությունների պարագայում գույքի մասն է, որպեսզի փաթեթի մեջ լինի գուքը, ընդհանուր դիզայնը:

Մյուս կարգավորումը վերաբերում է ոռոգման և խմելու ջրի համակարգերին. փորձել ենք մեծացնել Կառավարության մասնաբաժինը՝ դարձնելով 65-75 տոկոս, որպեսզի խրախուսենք՝ մեր համայնքները ոռոգման և խմելու ջրի համակարգերին շատ դիմեն:

Մյուս փոփոխությունը վերաբերում է մայթերի սալարկումներին. փորձում ենք խրախուսել, որ բնական քարով սալարկումներն ավելի շատ լինեն, քան բետոնե սալիկներով: Եթե բնական քարերով իրականացնեն, Կառավարությունը կվճարի 55-75 տոկոս, իսկ եթե, այնուամենայնիվ, համայնքը կորոշի, որ բետոնե սալիկներով, ապա՝ 25-45 տոկոս:

Վերջին փոփոխությունը. հաշվի առնելով, որ մեքենաների սարքավորումների ձեռքբերման մեջ համայնքները շատ կարիք ունեն աղբահանման մեքենաների և աղբամանների, այստեղ նույնպես մեր մասնաբաժինը մեծացնում ենք 55-65 տոկոս»,- նշեց նա:

  • Կիսվել: