շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ազատանի դպրոցի 6 նոր մասնաշենքերի կառուցումը 2023թ․-ի վերջին կավարտվի․ շինարարությունը ձմռան ամիսներին չի դադարեցվել

Ազատանի դպրոցի 6 նոր մասնաշենքերի կառուցումը 2023թ․-ի վերջին կավարտվի․ շինարարությունը ձմռան ամիսներին չի դադարեցվել

2023-ի տարեվերջին նախատեսված է Ազատանի միջնակարգ դպրոցը շահագործման հանձնել։ Ժամկետներից շեղումներ, շինարարը վստահեցնում է, որ այս պահին չկան։ Դպրոցի 6 նոր մասնաշենքերի կառուցումն առանց ընդհատումների է շարունակվում։ Ձմեռային ամիսներին շինարարությունը չի դադարեցվել։ Դպրոցը կառուցվում է սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով՝ կառավարության և տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ։

Միջնակարգ դպրոցի երկու մասնաշենքերն իրարից երկու կմ հեռավորության վրա են։ Դրանցից մեկը՝ 1986 թվականին կառուցված հիմնական մասնաշենքը, 4-րդ աստիճանի վթարայնության է։ Այն մասնագիտական եզրակացություններով հիմնանորոգման պիտանի չէ, ենթակա է քանդման, բայց այժմ  գյուղի 700 ավելի աշակերտ վթարային դպրոցում է դաս անում։ Ազատանի համար նոր դպրոցի կառուցումը մեկ տարի առաջ է սկսվել, թեև այն  դպրոցաշինական ծրագրում էր  ընդգրկվել 2018-ին։

Նոր մասնաշենքերը կառուցվում են 2005 թվականից գորոծող դպրոցի  հարևանությամբ, որը նոր մասնաշենքերի հետ կշարունակի ծառայել որպես ուսումնական տարածք։ Հին և նոր մասնաշենքերը կմիանան երկհարկանի նոր միջանցքային հատվածով։

Կառուցվող վեց նոր մասնաշենքերից 3-ն ուսումնական են՝ նախատեսված 384 աշակերտի համար, մյուս հատվածներում կառուցում են դահլիճ ու մարզադահլիճ, որոնք Ազատանի միջնակարգ դպրոցը երբևէ  չի ունեցել։ Նոր ստանդարտներով կառուցվող դպրոցն իր  հնարավորություններով հարմարեցված կլինի նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող աշակերտների համար։ Մարզում  եզակի այն ուսումնական հաստատությունը կլինի, որը կունենա նաև վերելակ։

«Առաջին մասնաշենքում վերելակ է լինելու, նախատեսված է, որ  հաշմանդամություն ունեցող երեխաները բարձրանան վերև, նույն սկզբունքով  կան սանհանգույցներ, որոնք հարմարեցված կլինեն այդ երեխաների համար, որ կարողանան ազատ օգտվել»,- նշում է շինընկերության աշխղեկ Տարոն Բաղրամյանը։

 

Գյուղական բնակավայրում դպրոց է կառուցվում սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով։ Մասնաշենքերը նախագծված են մինչև 9,5 բալ ուժգնության երկրաշարժերին դիմակայելու համար։ Քարաշեն պատեր գրեթե չկան, միջսենյակային հատվածներում ևս կառուցապատման նույն տարբերակն է կիրառվում։

«Արտաքին պատերը լինելու են բետոնից, հիմա կատարվում են դրանց ամրանավորման աշխատանքները, այսինքն՝ մեզ մոտ նույնիսկ միջնորմների  80 տոկոսը բետոնից է։ Դա պայմանավորված է սեյսմակայունությամբ, սա բարձրացնում է շենքի սեյսմակայունությունը»,- նշում է աշխղեկը։

 

Երկրաբանական շերտերի ուսումնասիրություններ շինարարության տարածքում ավելի շուտ են կատարվել, սողանքային հատվածներ կամ ստորգետնյա ջրային ծածկույթ չի հայտնաբերվել։ Շինարարության ընթացքում փորձաքննական և  վերահսկողական  գործընթացները հաճախակի են։

Ազատանի միջնակարգ դպրոցի կառուցման ավարտը 2023-ի տարեվերջն է։ Ժամկետների խախտումներ շինարարը վստահեցնում է, որ չեն ունենա։ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում է նաև Արթիկի թիվ 2 հիմնական  դպրոցը, որի շինաշխատանքներում այժմ դադար է, կատարվել են միայն հիմքերի բետոնային աշխատանքները։ Իսկ շինարարությունը սկսվել էր 2021 թվականի նոյեմբերից։

Ուսումնասիրություններով հաստատվել է, որ մարզի 26 դպրոցների մասնաշենքերի հետագա շահագործումը համարվում է խիստ վտանգավոր։

  • Կիսվել: