երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Այսօրվա դրությամբ Վերին Լարսի 11 անցուղիները դարձել են 39․ փոխվարչապետ

Այսօրվա դրությամբ Վերին Լարսի 11 անցուղիները դարձել են 39․ փոխվարչապետ

Վերին Լարսի անցակետում թողունակությունը 11 անցուղուց դարձել է 39: Այդ մասին Կառավարության՝ հունիսի 22-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձանագրելով, որ երկարատև խոսակցությունը ՌԴ գործընկերների հետ բերել է կոնկրետ արդյունքի:

Փաշինյանը, խոսքն ուղղելով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգոյանին, հետաքրքրվեց՝ կարո՞ղ ենք ասել, որ Վերին Լարսի հերթերի հարցը լուծվել է կամ կլուծվի:

«2021 թվականի վերջից, այսինքն՝ ըստ էության, 2022 թվականի ընթացքում ու 2023 թվականի այսօրվա դրությամբ 11 անցուղիներից դարձել է 39, որը շատ մեծ ու շատ կարևոր փոփոխություն է»,- ասաց նա, ապա հավելեց, որ 2020-21 թվականներին 1 օրվա ռեկորդը եղել է 300 բեռնատար, այսօր 1500 է:

«Էս վերջին օրերից (չեմ կարող ասել՝ երեկ, թե երեկ չէ առաջին օրը) 1400 մեքենա է անցել 2 ուղղություններով, որը շատ էական է, ընդ որում՝ երեկ 409 ազատ անցուղի կար պահի դրությամբ»,- ասաց փոխվարչապետը, ապա պարզաբանեց, այսինքն՝ 409 մեքենայի համար ազատ տեղ կար:

Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց նաև, որ Վերին Լարսի ռուսական մասում կա 1 անցուղի ոչ ստանդարտ գաբարիտով բեռների համար: «Դա շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ ոչ ստանդարտ գաբարիտով բեռներով մի հատ անցուղին կարող էր ամբողջ օրը զբաղված լինել: Եվ 2 անցուղի կա ավտոբուսների համար:

Կարծում եմ՝ անկախ այն հանգամանքից, որ գլոբալ-լոգիստիկ վերադասավորումներ են եղել աշխարհում, բայց, այնուամենայնիվ, սա մի լուծում է, որ հայկական բեռների համար որևէ խոչընդոտ չպետք է առաջացնի: Ընդ որում՝ դաշտային պոտենցիալ էլ կա, շատ արագ մոդուլային տարբերակով անհրաժեշտության դեպքում էլի լուծումներ կտրվեն:

Ամփոփելով այս մասը՝ ասեմ, որ 11-ից 39 անցուղի հնարավոր չէ, որ բացարձակ դրական էֆեկտներ չառաջացնի: Ընդ որում՝ շատ կարևոր է նաև, որ Վրաստանում էլ մինչև 2024 թվականի ավարտը 9-ից դառնալու է 15 անցուղի»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետը նաև նկատեց, որ եթե 9 անցուղի կա Վրաստանում, դա չի նշանակում, որ նոր 38-ը էֆեկտ չի տալու:

«Անպայման տալու է: Ըստ վերջին շաբաթվա մեքենաների շարժի՝ արդեն տվել է, որովհետև 1400 մեքենա 1 օրում անցնել, չեմ հիշում երբեք, որ Վերին Լարսում նման վիճակագրություն արձանագրենք: Իհարկե կհետևենք, բայց իրոք շատ մեծ գործ է արել ռուսական կողմը»,- ասաց նա:

ՀՀ վարչապետն արձագանքեց՝ այս հարցը ՌԴ նախագահի և ՌԴ Կառավարության ղեկավարի հետ մշտապես եղել է քննարկումների օրակարգում:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել և՛ նախագահ Պուտինին, և՛ վարչապետ Միշուստինին այս հարցում հետևողական աշխատանքի համար:

Վրաստանի վարչապետի հետ մեր աշխատանքային օրակարգում է նաև եղել, և ուզում եմ նաև վարչապետ Ղարիբաշվիլիին շնորհակալություն հայտնել: Գիտեմ, որ շատ մեծ տեմպով աշխատանքներ են գնում, այնտեղ նաև թունելի շինարարություն է: Սա, իհարկե, ինչպես ասացի, գլոբալ-լոգիստիկ վերադասավորումների հետ կապ ունի նաև, բայց, իհարկե, այդ գործընթացը սկսել էր շատ ավելի վաղ, և պայմանավորվածությունները, խոստումները հնչել էին շատ ավելի վաղ, ինչը հաճելին օգտակարի հետ համատեղվում է տվյալ դեպքում»,- ասաց վարչապետը:

  • Կիսվել: