հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այսինքն, ունենք նոր տեսակի մեքենաներ, բայց սկսենք ֆինանսավորել հին «Զապորոժեցնե՞րը». Ավինյան

Այսինքն, ունենք նոր տեսակի մեքենաներ, բայց սկսենք ֆինանսավորել հին «Զապորոժեցնե՞րը». Ավինյան

Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց ավանդական այգիներ հիմնողներին ֆինանսական աջակցություն տրամադրելու որոշմանը։

«Տնկարանային տնտեսությունները պետք է զարգացնենք, բայց կա տնկիների որակի հարցը։ Ցավոք, այսօր կան բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացիները տնկի են առնում, 4-5 տարի հետո պարզվում է, որ այդ տնկին չունի անհրաժեշտ որակը»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա, ստացվում է, որ գյուղատնտեսությունը դառնում է անարդյունավետ, որովհետեւ մարդը 4-5 տարի ժամանակ, փող կորցրեց, արդյունքում պարզվեց տնկին այն որակը չունի, որ այդ բերքը տա: «Դրա համար նախ կստեղծենք տնկիների որակի սերտիֆիկացման համակարգ և երբ համոզվենք, որ մեխանիզմները կա, ծրագիրը կգործարկենք»,- ասաց նա:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հարցրեց, թե արդյոք խոսքը նոր ավանդական այգիների ֆինանսավորման մասին է, ինչին վարչապետը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ խոսքը ծիրանի, դեղձի և թզի մասին է. «Փորձը ցույց է տալիս ծիրանի, դեղձի և թզի դեպքում ինտենսիվ այգիների բերքը շուկայում մրցունակ չէ, չի կարողանում փոխարինել ավանդական ծիրանի այգիներին»:

Սակայն Տիգրան Ավինյանը կարծում է, որ ճիշտ չէ ֆինանսավորել ավանդական այգիները, որը բերք է տալու 4 տարի հետո, երբ ինտենսիվ այգիների բերքը կարող է լինել երկու տարի հետո. «Այսինքն, ոնց որ մենք ունենք նոր տեսակի մեքենաներ, բայց գնանք սկսենք ֆինանսավորել հին «Զապորոժեցները»»։

Փաշինյանը նշեց, որ Եվրոպայում և աճեցրած ծիրանների միջև որակական կիլոմետրերի տարբերություն կա:

«Հայաստանում աճեցրած ինտենսիվ սորտերն իրենց համային հատկանիշներով շատ-շատ զիջում են Հայաստանում աճող տեղական սորտերին: Դա լուրջ խնդիր է: Երբ մի ժամանակ մեծերն ասում էին՝ բա մեր ժամանակ լոլիկը էս համն ունե՞ր, ինձ թվում էր, թե դա ուղղակի տարիքային խնդիր է, բայց այսօր մենք բախվում ենք այդ խնդրին: Ու դա վերաբերում է բոլոր գյուղմթերքներին: Մենք պետք է ճիշտ բալանս գտնենք քանակի ու որակի միջև»:

  • Կիսվել: