հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Այս տարի սպասվում է ծիրանի միջինից ցածր բերք. խնդիրներ կան նաև բանջարեղենի արտադրության ոլորտում

Այս տարի սպասվում է ծիրանի միջինից ցածր բերք. խնդիրներ կան նաև բանջարեղենի արտադրության ոլորտում

Բուսաբուծության ոլորտում խնդիրներն ավելի են խորանում: Լրագրողների հետ զրույցում ասաց Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ ապրիլին մեծ ցրտահարություն է եղել. «Ես այդ ժամանակ իմ կանխատեսումներով հայտարարեցի, որ ծիրանի միջին բերք կունենանք, բայց, ցավոք, հետագա դիտարկումները ցույց տվեցին, որ մենք առանձնապես ուրախանալու բան չունենք՝ միջինից բավականին ցածր ծիրանի բերք ենք սպասում այս տարի: Խաղողի բերքը կլինի տարեկան միջին մակարդակի վրա: Սակայն, խաղողի հետ կապված շատ լուրջ մտահոգություն կա․ ընդամենը 3 ամիս է մնացել մինչև մթերումներ, սակայն մինչև այսօր վերամշակող ձեռնարկությունները պայմանագրեր չեն կնքում, բացառությամբ՝ Երևանի կոնյակի գործարանի»:

Ըստ Պետրոսյանի՝ սա լուրջ խնդիրներ է առաջացնելու: Նա շեշտեց․ «Մի շարք գյուղացիական տնտեսությունների երկարամյա պայքարի արդյունքում Երևանի կոնյակի գործարանը սկսել էր ավելի բարձր մթերման գին առաջարկել` կատարելով առաջատարի գործառույթ, բայց մյուս ընկերությունները նախկինի պես աշխատում են ամեն կերպ գցել խաղողի գինը և հասել են նրան, որ Երևանի կոնյակի գործարանը այս տարի 15 դրամով իջեցրել է մթերման գինը»:

Ըստ նրա՝ խնդիրներ են առաջանալու նաև բանջարեղենի, կարտոֆիլի արտադրության ոլորտում։ «Այստեղ, իհարկե, կունենաք բավարար բերք, որը լիովին կհերիքի ներքին սպառման պահանջներին, սակայն մտահոգիչ են արտահանման խնդիրները»,- նկատեց նա:

  • Կիսվել: