հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Այս տարի մոտավորապես 20,000-ով ավելի քիչ մարդ է գնացել «խոպան»․ Վահան Քերոբյան

Այս տարի մոտավորապես 20,000-ով ավելի քիչ մարդ է գնացել «խոպան»․ Վահան Քերոբյան

«Բյուջեի կատարման գլխավոր ռիսկերից մեկը լոգիստիկ ռիսկերն են,անվտանգային հարցերը և աշխատուժի սուր պակասը՝ տնտեսության բոլոր ճյուղերում՝ գյուղատնտեսություն, արդյունաբերություն, շինարարություն»,- այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան  Քերոբյանը։

Նա նշեց, որ տնտեսական ոլորտում աշխատավարձերը բարձրացնելու համար կառավարությունը քայլեր է ձեռնարկում՝ տնտեսական ոլորտի արդիականացման ծրագրերի միջոցով․ «Դրա ներքո ընկերություններին խրախուսում ենք և ֆինանսավորում ենք ձեռք բերել նորագույն սարքավորումներ, հոսքագծեր և բարձրացնել արտադրողականությունը և հետևաբար հնարավորություն ունենալ ավելի բարձր վարձատրել աշխատակիցներին։ Հոկտեմբերի վերջի դրությամբ այս ծրագրից արդեն 426 ընկերություն օգտվել է՝ գնելով 32 միլիարդ դրամի  սարքավորում, միայն հոկտեմբերին 106 ընկերություն ձեռք է բերել  7,7 միլիարդ դրամի սարքավորում»։ 

Քերոբյանն ընդգծեց, որ նախարարության օրակարգում տնտեսական աճ ունենալն է, ու եթե ՀՀ-ում եղած աշխատատեղերը մնում են թափուր, իրենք ստիպված են լինում մասնագետներ հրավիրել արտերկրից։ 

Նա խոսեց նաև արտագնա աշխատելու մեկողների մասին․ «Այս տարի մոտավորապես 20,000-ով ավելի քիչ  մարդ է գնացել խոպան, տարվա սկզբից ի վեր ՀՀ է վերադարձել ռուսական անձնագրով, բայց հայկական ազգանվամբ  50․000 քաղաքացի»,- Քերոբյանը նշեց,որ տվյալը ստացել է ՀՀ միգրացիոն ծառայության պետից։  

 

  • Կիսվել: