ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Այս պահին ունենք աշխարհում ամենաբարձր տնտեսական աճերից մեկը և ամենացածր գնաճը. Պապոյան

Այս պահին ունենք աշխարհում ամենաբարձր տնտեսական աճերից մեկը և ամենացածր գնաճը. Պապոյան

ՀՀ-ում երկնիշ տնտեսական աճը շարունակվում է: Այդ մասին ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին ցուցանիշները մայիս և հունվար-մայիս ամիսների համար և որակելով այն որպես «շատ կարևոր, ուրախալի լուր»:

Ըստ այդմ՝ մայիսի ընթացքում գրանցվել է 13,7 տոկոս տնտեսական ակտիվության աճ, այսինքն՝ տնտեսական ակտիվությունը, ըստ պատգամավորի, արագացել է:

Ըստ Պապոյանի՝ մեկ այլ կարևոր հանգամանք էլ է արձանագրվել մայիսին. «Գնաճը Հայաստանում իջել է 1,3 տոկոս, և այդ ցուցանիշով մենք աշխարհում ամենացածր գնաճն ունեցող երկրներից մեկն ենք այս պահին»:

Պապոյանը նաև հիշեցրեց, որ 5 ամսվա համար նախատեսված թիրախը եղել է 7 տոկոսը. «Այսինքն՝ այդ խոստումն ենք մեր ժողովրդին տվել, բայց մենք հունվար-մայիսին ունենք 12,5 տոկոս տնտեսական ակտիվության աճ, այսինքն՝ մեր հունվար-մայիսի տնտեսական ակտիվությունը փաստացի հավասար է անցած տարվա տնտեսական ակտիվությանը»:

Պատգամավորը նաև թվարկեց, թե որ 4 ճյուղերի հաշվին է, որ ապահովվել է տնտեսական աճ. դրանք են՝ առևտուրը, ծառայությունները, շինարարությունն ու արդյունաբերությունը:

«Այս պահին ունենք աշխարհում ամենաբարձր տնտեսական աճերից մեկը և միևնույն ժամանակ ամենացածր գնաճը. սա, կարծում եմ, օրվա կարևոր լուրն էր»,- ասաց Պապոյանը:

  • Կիսվել: