երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Այլևս հին, ցածրորակ սարքավորումների կարիք չունենք, և բուժկենտրոնները պետք է թարմացնեն սարքավորումները. Ավանեսյան

Այլևս հին, ցածրորակ սարքավորումների կարիք չունենք, և բուժկենտրոնները պետք է թարմացնեն սարքավորումները. Ավանեսյան

100 տոկոս բաժնեմասով պետական բուժկենտրոնը հաճախ վարձակալությամբ տարածք է հանձնում որևէ կազմակերպության, որպեսզի վերջինս մագնիսառեզոնանսային (ՄՌՏ) և համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ) իրականացնի: Որակյա՞լ են նրանց տեղադրած բուժսարքավորումները: Այդ մասին Ազգային ժողովում 2024 թվականի պետբյուջեի քննարկման շրջանակում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանը:

Այս համատեքստում պատգամավորը նկատեց, որ, օրինակ, Հրազդանի, Գյումրիի, Վայքի, Արմավիրի ԲԿ-ներում լինում են դեպքեր, երբ մասնավոր կազմակերպությունն իր սարքն է տեղադրում պետական բուժկենտրոններում վերոնշյալ ծառայությունները իրականացնելու համար, մինչդեռ բուժառուին հետազոտությունների համար ուղարկում են Երևան:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախ նշեց, որ մասնավոր-պետություն համագործակցության առումով կան և՛ հաջողված դեպքեր, և՛ անհաջող փորձեր, սակայն որոշ դեպքերում այդ համագործակցությունը նախարարին վստահություն չի ներշնչում, և կարծում է՝ պատասխանատուները պետք է կարծիք հայտնեն, թե ինչքանով են այդ վարձակալության պայմանագրերը համապատասխանում մատուցված ծառայությունների որակին:

«Ինչ վերաբերում է սարքավորումների թարմությանը և դրանց նոր լինելուն, պետական մրցույթների պայման է, որ դրանք պետք է լինեն լրիվ նոր, բայց մենք ձեռնամուխ ենք եղել նաև լիցենզիոն պայմանների փոփոխությանը, որ այսուհետ նոր տեղադրվող սարքերը չպետք է հին լինեն որոշակի տարվանից: Այսինքն՝ դա շատ մեծ աշխատանք է»,- ասաց նախարարը, ապա ընդգծեց, որ միայն կոնկրետ գործարանում որոշակի տարեթվից հետո արտադրված և հետագայում սպասարկումը պատշաճ կերպով իրականացրած սարքերն են, որ կարող են կիրառվել պետական բուժկենտրոններում ծառայություններ մատուցելու համար:

«Սա, կարծում եմ, որ էապես կփոխի պատկերը ոչ միայն մարզերում, այլև Երևան քաղաքում: Մենք մեր զարգացածության աստիճանով արդեն հասել ենք մի տեղ, որ այլևս հին, ցածրորակ սարքավորումների կարիք չունենք, և պետք է բժշկական կենտրոնները թարմացնեն իրենց սարքավորումները»,- ասաց նախարարը:

Նարեկ Բաբայանն իր հերթին առաջարկեց պարզել՝ արդյոք Գյումրիի, Հրազդանի ԲԿ-ներում տեղադրված ՄՌՏ սարքերով պատշաճ բուժօգնություն տրամադրվո՞ւմ է հանրությանը:

  • Կիսվել: