երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Այդ նույն խցանման մեջ մենք էլ ենք մնում. տրանսպորտի համար պետք է առանձին գիծ լինի. Երևանի փոխքաղաքապետ

Այդ նույն խցանման մեջ մենք էլ ենք մնում. տրանսպորտի համար պետք է առանձին գիծ լինի. Երևանի փոխքաղաքապետ

Աշխարհում չկա քաղաք, որի սկզբունքը հետևյալը չլինի. հանրային տրանսպորտը պետք է ունենա առաջնահերթություն: Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով Երևանում երթևեկության կանոնների փոփոխությունից քաղաքացիների դժգոհությանը։

«Այո, հանրային տրանսպորտի համար պետք է առանձնացված լինեն գծեր, որպեսզի հանրությունը, որ օգտվում է տրանսպորտից, ավելի արագ հասնի, քան մեքենաները։ Այդ նույն խցանման մեջ մենք էլ ենք մնում։ Տրանսպորտի բարեփոխումների տրամաբանության համար դա նորմալ է, որ տրանսպորտի համար առանձին գիծ լինի»,- նշեց փոխքաղաքապետը։

Դիտարկմանը, որ ավտոբուսի գիծը փողոցի հենց մեջտեղով է անցնում, և կանգառ անելու համար պետք է վերադասավորվի, փոխքաղաքապետն ասաց, որ հաշվի առնելով ստեղծված խնդիրները, որոշ բարեփոխումներ կանեն.  «Կհետևենք, թե ինչ տեղի կունենա, և որոշ վերանայումներ կլինեն»,- ասաց նա։

Նշենք, որ մասնավորապես, Երեւանի քաղաքապետարանի դիմաց երթեւեկության փոփոխությունները հանգեցրել են տրանսպորտային կոլապսի։

  • Կիսվել: