հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ավետիք Էլոյանն ազատման դիմում է գրել

Ավետիք Էլոյանն ազատման դիմում է գրել

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին կալանավորելուց հետո համացանցում պարբերաբար լուրեր էին շրջանառվում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանի մոտալուտ հեռացման մասին։ Նա, հիշեցնենք, որ Վերմիշյանից առաջ ղեկավարում էր Քաղշինի կոմիտեն:

ArmDaily.am-ին տեղեկություններ էին հասել, որ Ավետիք Էլոյանը, ով 2020 թվականի մարտի 4-ից մինչև ապրիլի 7-ը ներառյալ գտնվում էր արձակուրդում, այլևս չի վերադարձել աշխատանքի: Մեզ հետ զրույցում Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը նշեց, որ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը.«Արձակուրդի ընթացքում պարոն Էլոյանը մեկնել էր ԱՄՆ և կորոնավիրուսի հետ կապված չի կարողացել վերադառնալ Հայաստան: Նշեմ նաև, որ նա վերջերս դիմում է ներկայացրել աշխատանքից ազատման և ազատման դիմումն ընդունվել է»: Հարցին՝ կա՞ թեկնածու, ով կարող է փոխարինել Էլոյանին տվյալ պաշտոնում, խոսնակը նշեց, որ որ այս պահին՝ ոչ:

Հիշեցնենք, որ Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը պաշտոնից հեռանալուց հետո հրապարակային մի շարք մեղադրանքներ էր ներկայացրել քաղշինի այդ պահին ներկա և նախկին ղեկավարների հասցեին, որից հետո հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում Վահագն Վերմիշյանը կալանավորվեց:Մասնավորապես Էլոյանի մասով, Պետրոսյանը հայտարարել էր, որ փոխվարչապետի խորհրդական Ավետիք Էլոյանը 2012 թ․ եղբոր՝ Զարեհ Էլոյանի հետ ԱՄՆ-ում բացել է «Eloyan Architects»-ն նախագծային կազմակերպությունը, որի պաշտոնական կայքում կա միայն մեկ բնակարանի ինտերիերի նախագիծ Հայաստանում: Պետրոսյանը նշել էր, որ «Eloyan Architects»-ը ներգրավված է մի շարք այլ նախագծերում,ինչի առնչությամբ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը ստուգումներ էր իրականացնում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականի անվան հետ կապվող ընկերությունում։

  • Կիսվել: