ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ավելի քան 1 մլրդ դրամ է հատկացվել միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհների նորոգման համար

Ավելի քան 1 մլրդ դրամ է հատկացվել միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհների նորոգման համար

«Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգում» միջոցառման կատարումն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, որոշմամբ նախատեսվում է ֆինանսավորվել ընդհանուր 22.5 կմ ճանապարհների միջին նորոգման աշխատանքներ, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 15,2 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 7,3 կմ: 3 ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 188 մլն դրամ: Գումար է հատկացվել հետևյալ աշխատանքների համար՝ Պուշկինի թունելից-Գարգառ գյուղ տանող՝ միջպետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման՝ ընդհանուր 4 կմ, 199 մլն դրամ, Փոքր Վեդի-Ոսկետափ-Ավշար միջպետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման՝ ընդհանուր 11.2 կմ, 600 մլն դրամ, Շաքի-Սիսիան-Տոլորս հանրապետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման՝ ընդհանուր 7.3 կմ, 388 մլն դրամ:

Մեկ այլ որոշմամբ՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 4-ի շրջանակում Մ 2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի մաս հանդիսացող Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի ելք և նախատեսվող Քաջարանի թունելի մուտք-Սիսիան-Քաջարան հատվածի նախատեսվող նոր խաչմերուկ, այդ թվում՝ Քաջարանի թունել ճանապարհահատվածի կառուցումն ապահովելու համար մի շարք տարածքներ հանրության գերակա շահ ճանաչելու նպատակով: Մասնավորապես, առաջարկվում է ծրագրի կարիքների համար Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք, Վարդանիձոր, Գուդեմնիս, Լեհվազ, Մեղրի, Լեռնաձոր, Քաջարան բնակավայրերում ընդհանուրը 331 հողամասերի՝ ազդակիր տարածքները ճանաչել հանրության գերակա շահ:

  • Կիսվել: