հինգշաբթի, սեպտեմբեր 3
3 / 9 / 2026
Ատոմակայանի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցություն. Փաշինյան

Ատոմակայանի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցություն. Փաշինյան

«Ռոսատոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը Հայաստանի կառավարությանը կներկայացնի Ռուսաստանի առաջարկները Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ։

Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ արդյոք անդրադարձ եղե՞լ է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու թեմային։

«Ատոմակայանի հետ կապված, մենք արդեն իսկ պայմանավորվածություն ձեռք բերել էինք, որ սեպտեմբերին սպասում ենք «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովին, որպեսզի նա ներկայացնի այն առաջարկները, որ Ռուսաստանն այսօր կարող է անել Հայաստանին նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ։ Ես նախկինում էլ եմ ասել, որ ատոմակայանի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցությունը։ Ով մեզ լավագույն առաջարկն անի, մենք գնալու ենք այդ առաջարկի հետևից»,- հայտարարել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ-ն աշխատանքներ է սկսել գործող ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ։ Միաժամանակ աշխատանքներ են իրականացվում նաև նոր ատոմակայանի կառուցման ուղղությամբ։ ՀՀ կառավարությունն արդեն իսկ որոշել է, որ նոր ատոմակայանը լինելու է մոդուլային տեսակի, իսկ նոր ատոմակայանի կառուցման շուրջ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ռուսաստանի և Հարավային Կորեայի հետ։

 

  • Կիսվել: