Ատոմակայանի էլեկտրաէներգիայի թանկացման հարց օրակարգում չկա․ Նախարար
Մեծամորի ատոմակայանի կանգը դեռ նախորդ տարվանից ծրագրված էր և էներգետիկ բալանսում հաշվարկները կատարված են և որևէ խնդիր մենք չենք ունենա կանգի պարագայում, այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի 2019-ի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց Տարածքային և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Պատասխանելով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին՝ ճի՞շտ են արդյոք տեղեկությունները, որ ատոմակայանից ստացվող էլեկտրաէներգիան թանկանալու է 4 դրամով, նախարարն ասաց, որ այս պահին թանկացման մասին հարց չի քննարկվում։
«Այս պահին եկեք թանկացման մասին չխոսենք, որովհետև մեր օրակարգում դեռ նման հարց չկա», -ասաց Պապիկյանը։
Անդրադառնալով ատոմակայանի վերազինման համար ֆինանսական միջոցների ձեռքբերմանը, նախարարն ասաց, որ Հայաստանի կառավարությունն ունի բավարար ֆինանսական միջոցներ, որոնք օգտագործված չեն և դրանք կարող են ուղղվել ատոմակայանի վերազինմանը։