երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
«Ասկե Գրուպ» ԲԲԸ-ն «Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում ստանալու է աջակցություն

«Ասկե Գրուպ» ԲԲԸ-ն «Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում ստանալու է աջակցություն

Փետրվարի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ, տեղի է ունեցել պայմանագրի ստորագրման արարողություն։ «Ասկե Գրուպ» ԲԲԸ-ն «Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում ստանալու է աջակցություն։ Ընկերությունը թողարկել, տեղաբաշխել և ցուցակել է 15 մլրդ դրամ և 15 մլն դոլար ծավալով պարտատոմսեր։
 
Պայմանագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանը և «Ասկե Գրուպ» ԲԲԸ-ի տնօրեն Հրաչյա Մուրադյանը։
 
Ընկերությունն աջակցությունը ստանալու է դրամային պարտատոմսերի թողարկման համար՝ 1-ին փուլով 30 մլն ՀՀ դրամի չափով։ Հետագա 3 տարիների ընթացքում Ծրագրի պահանջները բավարարելու դեպքում ընկերությունը կարող է ստանալ ևս 135 մլն դրամի աջակցություն։
 
Կառավարության 06.07.2023թ. թիվ 1125-Լ որոշմամբ հաստատված «Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագիրը» խթանում է կապիտալի շուկայի զարգացումը, աջակցում է իրական հատվածի ընկերությունների կողմից պարտատոմսերի, բաժնետոմսերի թողարկմանը, միջազգային վարկանիշի ձեռքբերմանը։ Պարտատոմսերի թողարկման և ցուցակման դեպքում աջակցությունը տրվում է պարտատոմսերի ծավալի 11 տոկոսի չափով՝ ըստ փուլերի։ «Ասկե Գրուպ» ԲԲԸ-ն ծրագրի 3-րդ շահառուն է։

  • Կիսվել: