կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին 171,1 մլն դոլարի նոր վարկ կտրամադրի

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին 171,1 մլն դոլարի նոր վարկ կտրամադրի

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը 2022 թվականի դեկտեմբերի 12-ին հաստատել է Հայաստանի համար եռամյա նոր ծրագիրը՝ 128.8 մլն հատուկ փոխառելիության իրավունք շուրջ 171.1 մլն ԱՄՆ դոլար ծավալով: Մեկնարկող ծրագիրն ունենալու է կանխարգելիչ բնույթ, և փոխառու միջոցներն ուղղվելու են ապագա հնարավոր ցնցումների արդյունքում առաջացած ՀՀ տնտեսության արտաքին (վճարային հաշվեկշռի) ֆինանսավորման կարիքների բավարարմանը:

Նոր ծրագիրն աջակցելու է ՀՀ կառավարության տնտեսական ծրագրին` հասնելու ներդրումների, գիտելիքի և արտահանման վրա հիմնված աճին` պահպանելով մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ֆինանսական կայունությունն ու նվազեցնելով աղքատությունը: Նոր ծրագրով, մասնավորապես՝ նախատեսվում են բարեփոխումներ՝ ուղղված հարկաբյուջետային, այդ թվում՝ հարկային քաղաքականության, հարկային վարչարարության, ծախսերի արդյունավետության, պետական ներդրումների կառավարման և ֆիսկալ ռիսկերի կառավարմանմ ինչպես նաև դրամավարկային քաղաքականությունների, ֆինանսական ոլորտի, ենթակառուցվածքների, գործարար միջավայրի և աշխատանքի շուկայի քաղաքականությունների բարելավմանը:

Խորհրդի նիստի ընթացքում ԱՄՀ կառավարիչ տնօրենի տեղակալ Բո Լին ընդգծել է, որ Հայաստանի տնտեսությունը պահպանել է աճի բարձր տեմպը, որն ապահովվել է սպառման և եկամուտների, կապիտալի ու աշխատուժի ներհոսքերի բարձր աճերով: Չնայած կանխատեսվող կայուն աճին՝ զգալի են անորոշությունները ռուս-ուկրաինական հակամարտության ու ստեղծված գլոբալ իրավիճակի համատեքստում: Նոր ծրագիրը կաջակցի ՀՀ կառավարությանը տնտեսական ու ֆինանսական կայունությունը պահպանելու, ինչպես նաև կայուն և ներառական աճի ապահովման հարցում:

Խորհրդի հաստատումից հետո Հայաստանի համար անմիջապես հասանելի է դարձել ընդհանուր ֆինանսավորման մեկ յոթերորդ մասը՝ 18.4 մլն հատուկ փոխառելիության իրավունք 24.4 մլն ԱՄՆ դոլար ծավալով, իսկ մնացած միջոցները հավասարապես հասանելի են դառնալու հաջորդող՝ կիսամյակային վեց վերանայումների արդյունքում:
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

  • Կիսվել: