երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Արտահանման ծավալները էականորեն նվազել են. «Լույս» հիմնադրամ

Արտահանման ծավալները էականորեն նվազել են. «Լույս» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-մարտ ամիսներին։

Այսպես՝

ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպն էականորեն դանդաղել է։ Տնտեսական ակտիվության աճի տեմպի դանդաղումը հիմնականում պայմանավորված է համեմատվող ցուցանիշներում ոսկու վերաարտահանման ազդեցության, ինչպես նաև նախորդ տարիներին բարձր աճ ապահովող գործոնների չեզոքացմամբ։ Վերջինս սպասելի երևույթ էր, և նման միտումների պահպանման պարագայում տնտեսական աճը տարվա համար կառավարության կանխատեսումներից ավելի ցածր կլինի։

Արտահանման ծավալները էականորեն նվազել են։ Արտահանման անկումը հունվար-մարտին կազմել է 61.8%՝ հունվար-փետրվարի համեմատ վատթարանալով 2.6 տոկոսային կետով։ Մտահոգիչ է սակայն այն, որ արտահանման նվազումը պայմանավորված է ոչ միայն ոսկու վերաարտահանման չեզոքացմամբ, այլ նաև մյուս ապրանքախմբերի արտահանման անկումներով կամ ցածր աճերով։ Այսպես, եթե չդիտարկենք «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի նպաստումը, ապա արտահանման աճը, միևնույն է, բացասական է՝ -2.4%, ինչը ցույց է տալիս, որ խնդիրներն ավելի խորն ու մտահոգիչ են։

Գնաճի տեմպը բավական արագ է բարձրանում։ Բավական երկար ժամանակ ցածր գնաճային միջավայրից հետո գների աճի տեմպն արագորեն մեծանում է՝ մարտին հասնելով 3.3%-ի։ Այդ պայմաններում կենտրոնական բանկն արդեն իսկ դադարեցրել է տոկոսադրույքի նվազեցման քաղաքականությունը։ Գնաճի հետագա արագացումը, տնտեսական աճի դանդաղման պայմաններում, կարող է բացասաբար ազդել բնակչության կենսամակարդակի վրա։

Վարկերի աճի տեմպը շարունակում է արագանալ։ Տնտեսական աճի գրանցված մակարդակի, ինչպես նաև բնակչության եկամուտների ցածր աճերի պայմաններում վարկերն աճում են շուրջ 30%-ով։ Ընդ որում, վարկերի աճին հիմնականում նպաստում են սպառողական և հիպոթեքային վարկերը, որոնք հետագա տարիներին տնտեսական արդյունք չեն գեներացնելու։ Հետևաբար, վարկերի նման բարձր աճերը մտահոգիչ են և կարող են պարունակել ֆինանսական համակարգի կայունության հետ կապված ռիսկեր։

 

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով:

  • Կիսվել: