ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արշակունյաց փողոցում բազմաբնակարան շենք կառուցելիս երկու լրացուցիչ հարկ են կառուցել. Դրանք պետք է քանդվեն

Արշակունյաց փողոցում բազմաբնակարան շենք կառուցելիս երկու լրացուցիչ հարկ են կառուցել. Դրանք պետք է քանդվեն

Երեւանում բազմաբնակարան շենքերի շինարարության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ընթացքում նախորդ շաբաթ կազմվել է 32 արձանագրություն: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանը, ընդգծելով, որ կազմված արձանագրությունների թիվը եռապատկվել է նախորդ շաբաթվա համեմատ:

«Այդ 32 արձանագրություններից 11-ը ապօրինի շինությունների կառուցման եւ հողազավթումների դեպքերն են, 20 արձանագրությունները շինհրապարակների հմար սահմանված պայմանների չպահպանման դեպքերն են եւ մեկ արձանագրություն սանիտարական պայմանների խախտման դեպքով է:

Նույն ժամանակահատվածում իրականացվել է մեկական քանդման աշխատանքներ Աջափնյակ եւ Նոր Նորք վարչական շրջաններում, մետաղական կոնստրուկցիաների քանդում է իրականացվել:

32 արձանագրություններից մեկ կարեւոր եւ կոպիտ խախտման դեպք կա: Արշակունյանց 192 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցման համար ստացված շինթույլտվությամբ իրականացվող աշխատանքների  ընթացքում նախագծի պահանջներից դուրս իրականացվել է լրացուցիչ  2 հարկի կառուցման, երկաթբետոնե սյուների կառուցման աշխատանքներ: Տվյալ կառուցապատողը կառուցապատման եւ հողի վերահսկողության վարչության կողմից մեկ ամիս առաջ առձառն ստացել է ծանուցում նախագծային շեղումները բացառելու վերաբերյալ: Վարչարարությունն իրականացվել է, արձանագրությունը կազմվել է»,-ասաց Յակով Ասատրյանը:

Նա նկատեց, որ իրենք ամեն ինչ անում են, որ իրենց գործունեությունը կանխարգելիչ լինի եւ գործը «վիրաբույժին» չհասնի, որովհետեւ այդ դեպքում սուր գործիքներով են իրականացվում միջամտություններ:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատեց, որ այս դեպքում բանը հասել է սուր գործիքներին եւ հավելյալ ծավալները պետք է քանդվեն. «Այսուհետ քաղաքապետարանն ավելի խիստ է մոտենալու եւ շինարարական ստանդարտներին եւ նախագծից ծավալային ավելացումներով շեղումներին: Բոլորին խնդրում եմ՝ չշեղվել ձեր իսկ կողմից տրված նախագծերից: Քաղաքապետարանը հետեւողականորեն շարունակելու է ակտերի ավելացման գործընթացը»,-ասաց Ավինյանը:

  • Կիսվել: