երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ARNIKA և NESEHNUTÍ չեխական ՀԿ-ների համատեղ հայտարարությունը Քարաբերդի ոսկու հանքավայրի ընդլայնման ծրագրի վերաբերյալ

ARNIKA և NESEHNUTÍ չեխական ՀԿ-ների համատեղ հայտարարությունը Քարաբերդի ոսկու հանքավայրի ընդլայնման ծրագրի վերաբերյալ

ARNIKA և NESEHNUTÍ չեխական հասարակական կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Քարաբերդ բնակավայրում գտնվող Քարաբերդի ոսկու հանքավայրի ընդլայնման ծրագրի վերաբերյալ: Հայտարարությունը պատրաստվել է 2022թ. նոյեմբերի 4-ին «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի կողմից Փամբակում նախատեսվող հանրային լսումների վերաբերյալ:

Հայտարարության մեջ ասված է.

«ARNIKA-ն և NESEHNUTÍ-ն հանդես գալով համատեղ հայտարարությամբ արձագանքում են ՀՀ Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայրի հետ կապված վերջին զարգացումներին՝ 04.11.2022թ.-ին Քարաբերդի ոսկու հանքավայրի ընդլայնման ծրագրի վերաբերյալ նախատեսվող հանրային լսումներին։

Ստորև բերված հանգամանքներից ելնելով`սույնով հայտնում ենք մեր անհամաձայնությունը Քարաբերդ բնակավայրում ոսկու հանքավայրի ընդլայնման ծրագրի վերաբերյալ։ Այսպիսով, համատեղ հայտարարությամբ կոչ ենք անում հայ հանրությանը, Փամբակ խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման իշխանություններին և Լոռու մարզպետարանին կանխել հանքարդյունաբերության ընդլայնման ծրագիրը և արտահայտել բացասական կարծիք։ Հորդորում ենք նաև ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հետագայում իրականացնել նախագծի պատշաճ ուսումնասիրություն և փորձաքննություն։

ARNIKA-ն և NESEHNUTÍ-ն չեխական հասարակական կազմակերպություններ են, որոնք Չեխիայում և արտերկրում երկար տարիներ զբաղվում են բնապահպանական և սոցիալական խնդիրներով: Նրանց նպատակն է պաշտպանել բնությունը և առողջ միջավայրը ապագա սերունդների համար իրենց երկրում և ամբողջ աշխարհում: ARNIKA-ն երկար ժամանակ պայքարում է թափոնների և վտանգավոր նյութերի կրճատման, կենդանի գետերի և բնության բազմազանության պահպանման, ինչպես նաև շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումներ կայացնելու քաղաքացիների իրավունքի համար: Արդեն 25 տարի է NESEHNUTÍ-ն աջակցում է բնակիչների մասնակցությանը որոշումների կայացման գործընթացում և քաղաքացիական արշավներում ոչ միայն Չեխիայի Հանրապետությունում, այլև՝ Հարավային Կովկասում և Հարավային Ուկրաինայում:

2018թ. Դանիել Վոնդրոուշը՝ բնապահպանական կազմակերպությունների  «Green Circle» ցանցի այն ժամանակվա տնօրենը, մասնակցել է NESEHNUTÍ-ի կազմակերպած CivicBarcamp-ին Վանաձորում՝ Քարաբերդի մոտ, որտեղ խոսել է ոսկու արդյունահանման հետևանքների մասին և կիսվել ոսկու տարրալվացման ժամանակ ցիանիդի օգտագործման վերաբերյալ Չեխիայում արգելքի ներդրման փորձով։ Այժմ նա զբաղեցնում է Չեխիայի Հանրապետության Բնապահպանության նախարարի խորհրդականի պաշտոնը:

Ոսկու արդյունահանումը երբեք չի կարող լինել էկոլոգիապես մաքուր, այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք այս փաստի վրա սևեռել տեղի բնակիչների ուշադրությունը, կոչ ենք անում զգույշ լինել արդյունահանողների խոստումների նկատմամբ և համատեղ որոշել իրենց համայնքի ապագան:

Հանքարդյունաբերությունը բացասաբար է անդրադառնում շրջակա միջավայրի և հանքերում ու լեռնահարստացուցիչ ֆաբրիկաներում աշխատողների առողջության վրա, ինչպես նաև այդ ձեռնարկությունների հարևանությամբ ապրող բնակիչների առողջության վրա: Անհրաժեշտ տեխնոլոգիական ընթացակարգերի անտեսումը, թափոնների կառավարման կանոնների խախտումը և տեխնիկական անվտանգության անբավարար լինելը կարող են նվազեցնել բնակիչների կյանքի որակը և երկարատև ու անդառնալի վնաս հասցնել շրջակա միջավայրին:

Հանքարդյունաբերության հետ կապված ռիսկերը ներառում են փոշու արտանետումներ, աղմուկ, պոտենցիալ վթարներ և քիմիական արտահոսքեր տեղում հոսող մակերևութային ջրերի և հողի մեջ: Հանքաքարի և մետաղների արդյունահանման ու վերամշակման մեջ օգտագործվող կամ հանքաքարում պարունակվող քիմիական նյութերի արտահոսքը բացասաբար է ազդում մարդու առողջության վրա։ 2018-2021թթ. Լոռու մարզի Թումանյան և Ստեփանավան համայնքների հանքարդյունաբերական բնակավայրերի աղտոտվածության մոնիթորինգի ընթացքում հավաքագրված տվյալները հաստատեցին այս մտահոգությունները։ ARNIKA-ի ուսումնասիրության արդյունքները փաստում են շրջակա միջավայրում աղտոտիչների առկայությունը և այն, որ հանքարդյունաբերությունից տուժած համայնքների բնակիչների առողջությունն ավելի շատ է վտանգված՝ հանքարդյունաբերության ազդեցությանը չենթարկվող համայնքների բնակիչների համեմատ:

NESEHNUTÍ-ի աշխատանքը նույնպես հաստատեց Հայաստանում համայնքների շահագրգռվածությունը կայուն զարգացմանն անցնելու և բնապահպանական որոշումների կայացմանն ավելի ակտիվ մասնակցելու հարցում:

Բերված փաստարկներն ընդգծում են տեղի համայնքներին և բնությանը սպառնացող վտանգները, այդ իսկ պատճառով մենք կոչ ենք անում կանխել Քարաբերդի ոսկու հանքավայրի ընդլայնումը»։

  • Կիսվել: