շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Արձանագրվում է ակնհայտը, որ երեխան ծնողի սեփականությունը չէ. Փաշինյանը՝ երեխայի պաշտպանությանն ուղղված առաջարկների մասին

Արձանագրվում է ակնհայտը, որ երեխան ծնողի սեփականությունը չէ. Փաշինյանը՝ երեխայի պաշտպանությանն ուղղված առաջարկների մասին

Համայնքի դերը երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում մեծացնելու համար մշակվել է նախագծերի փաթեթ: Ըստ կարգավորումների՝ երեխաների իրավունքների պաշտպանությունն իրականացվելու է երեխաների պաշտպանության ոլորտում հատուկ մասնագիտացված սոցիալական աշխատողի միջոցով: Համայնքներում երեխաների պաշտպանության հիմնական պատասխանատվությունն այս պահին կրում են խնամակալության, հոգաբարձության հանձնաժողովները, որոնց գործունեությունը տեղական և միջազգային տարբեր զեկույցներում որակվում է «ոչ մասնագիտական» և «ոչ արդյունավետ», որովհետև այնտեղ իրականում ներգրավված չեն մասնագիտական որակավորում ունեցող անձինք: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 29-ի նիստին ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը՝ նշելով, որ 2004 թվականից հետո առաջին անգամ ոլորտի մեծ, համապարակ վերանայում է կատարվում առաջարկվող փաթեթով:

«Վերահաստատվում և ամրապնդվում է պետության դերը՝ որպես երկրում երեխայի իրավունքների ապահովման հիմնական պատասխանատու, ինչը կիրականացվի համայնքների պատվիրակմամբ պատվիրակված լիազորության վերահսկողության միջոցով: Ուժեղացվել են համայնքներում երեխայի պաշտպանության իրականացման հիմքերը համայնքներում վարձատրվող մասնագիտական գործառույթի, մոնիթորինգի և վերահսկողության համակարգի ներդրման միջոցով»,- ասաց նախարարը:

Փաթեթով սահմանվել է «բուլինգ» հասկացությունը և ամրագրվել, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպությունները ձեռնարկելու են արձագանքող և կանխարգելիչ միջոցառումներ երեխայի բուլինգի կանխարգելման, բացահայտման, ինչպես նաև բուլինգի վտանգի տակ գտնվող կամ ենթարկված երեխաների պաշտպանության համար անրաժեշտ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ:

«Փոփոխություններ ենք իրականացնել խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի տարիքային պահանջներում, այժմ 55-ը դարձնում ենք 65:

Սահմանվել է նաև ալիմենտի վճարման՝ անկանխիկ ձևով ընդունման կարգավորումը:

Երեխայի մասնակցությունը որդեգրման դատավարությանը չի դառնալու պարտադիր պայման»,- ասաց նախարարը՝ թվարկելով առաջարկվող փոփոխություններից մի քանիսը:

Նարեկ Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ փաթեթը քննարկվել է ինչպես միջազգային գործընկերների հետ, այնպես էլ Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող՝ ավելի քան 20 ՀԿ-ների հետ: Ապահովելու համար երեխաների լսված լինելու իրավունքը՝ ներգրավվել են նաև երեխաներ թիրախային խմբերից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց՝ այս փաթեթով ևս մեկ անգամ արձանագրվում է ակնհայտը, որ երեխան ծնողի սեփականությունը չէ. «Սա շատ կարևոր արձանագրում է: Սրա մասին պետք է ասել, որ երեխան ծնողի սեփականությունը չէ, և դա առանձնահատուկ հարաբերություն է, և այդ առանձնահատուկ հարաբերության մեջ կան բազմաթիվ առանձնահատկություններ, և երեխայի իրավունքներն այդ առանձնահատկություներից մեկն է»:

  • Կիսվել: