ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արարատի մարզում ներկայացվել են զբաղվածության պետական ծրագրերը

Արարատի մարզում ներկայացվել են զբաղվածության պետական ծրագրերը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ու աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը մարզային այցերի շրջանակում հանդիպել են Արարատի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի աշխատողների հետ՝ ներկայացնելու զբաղվածության ոլորտում իրականացվող ծրագրերն ու քաղաքականությունը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը։

Ծրագրերի մանրամասների՝ շահառուների շրջանակի, առաջնահերթությունների, աջակցության չափերի, աշխատանքային պայմանների, դիմելու ընթացակարգերի մասին խոսել է Ժորա Սարգսյանը՝ կարևորելով իրազեկ լինելու և պետության կողմից տրամադրվող աջակցության միջոցով աշխատանք գտնելու հնարավորությունը։ Վերջինս ներկայացրել է նաև նոր ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք համայնք - պետություն համագործակցության արդյունքում հնարավորություն են տալու աշխատանք փնտրող և աշխատաշուկայում անմրցունակ և գործազուրկ անձանց վերապատրաստվել, ունենալ նոր մասնագիտություն և աշխատանք։

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը ներկաներին ծանոթացրել է նախարարության կողմից իրականացվող զբաղվածության ապահովման այլ ծրագրերի․ մասնավորապես նշել է, որ Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում աշխատանք փնտրող անձինք կարող են ուղիղ կապ հաստատել խոշոր ընկերությունների հետ և համալրել թափուր աշխատատեղերը։

Անդրադարձ է կատարվել նաև ԵԱՏՄ երկրների շրջանակում գործող «Աշխատանք առանց սահմանների» էլեկտրոնային հարթակին, որը քաղաքացիների համար աշխատանքի որոնման, ինչպես նաև գործատուների համար թափուր աշխատատեղերի համալրման հնարավորություն է:

Նախարարության պատասխանատուները ևս մեկ անգամ կարևորել են  համայնք - պետական մարմիններ ակտիվ համագործակցությունն ու հանդիպումների շարունակականությունը, տեղեկանալու գործող ծրագրերից և ապահովելու համայնքներում ապրող ընտանիքների բարեկեցությունն ու զբաղվածությունը։

  • Կիսվել: