շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Առանց կառուցվածքային ու հիմնավոր մոտեցումների, մենք գինեգործության մեջ ճեղքում չենք ունենա. Քերոբյան

Առանց կառուցվածքային ու հիմնավոր մոտեցումների, մենք գինեգործության մեջ ճեղքում չենք ունենա. Քերոբյան

Մենք կարծում ենք, որ գինեգործության ոլորտը շատ ավելի մեծ ուշադրության է արժանի, դեռևս չենք կարողացել մեր գործընկերներին համոզել: Այս մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին։

Պատգամավորն ասաց, թե հիմնադրամի ֆինանսավորումը տարիների ընթացքում աճել է, բայց վերջին երկու-երեք տարիներին՝ նվազել։
«Եթե մենք համարում ենք, որ այս հիմնադրամն օգուտ է տալիս, պետք է, ինչո՞վ է պայմանավորված ֆինանսավորման նվազումը, կամ՝ եթե գտնում ենք, որ պետք չէ, ինչո՞ւ ենք այս հիմնադրամը պահում», - հետաքրքրվեց Թունյանը:

Քերոբյանի խոսքով՝ անցած տարի պատրաստել են գինեգործության ռազմավարության 10-ամյա նախագիծ, որը ներկայացրել են նաև հիմանդրամին, հնչել են տարբեր կարծիքներ, բայց ռազմավարությունը չի ընդունվել որպես աշխատանքային փաստաթուղթ։Այդ ռազմավարությամբ պլանավորվում էր գինու արտադրությունը տասը տարի հետո հասցնել այսօրվա մոտ 12 միլիոն լիտրից մինչև 67 միլիոն լիտրի, ու 10 տարվա ընթացքում համախառն արտադրանքի ծավալը հասցնել 1,4 մ միլիարդ դոլարի։10 տարվա ընթացքում աջակցությունը, որ պետք է տրվեր ոլորտին, կկազմեր մոտ 65-70 միլիոն դոլար։

«Մեզ համար ակներև է, որ, առանց կառուցվածքային ու հիմնավոր մոտեցումների, մենք գինեգործության մեջ ճեղքում չենք ունենա», - նշեց Քերոբյանը։

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ ասաց, թե անհամաձայնությունը չի կայանում նրանում, որ պետք է չաջակցել, հակառակը, կարծում են՝ պետք է աջակցել։

«Խաղողագործությունը գինեգործության նպատակներով աջակցվում է նաև այլ ծրագրերով, ոչ միայն գինու հիմնադրամի միջոցով, օրինակ՝ եթե իրականացնում ենք ինտենսիվ այգիների ծրագիր, որտեղ կա խաղողի նորատունկ այգիների համար պետական աջակցության բաղադրիչ, ապա դա, գուցե, լավագույն եղանակներից մեկն է, թե ինչպես պետք է աջակցել Հայաստանում խաղողի այնպիսի տեսակների տնկմանը, որոնք հեռանկարային են», - նշեց Խաչատրյանը։

  • Կիսվել: