հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Առաջարկվում է սահմանել «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» եզրույթը և այդպիսին չհամարվող աշխատանքների շրջանակը

Առաջարկվում է սահմանել «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» եզրույթը և այդպիսին չհամարվող աշխատանքների շրջանակը

Աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված է ցանկացած ձեւի հարկադիր աշխատանքի եւ աշխատողների նկատմամբ բռնության արգելումը, սակայն ներպետական օրենսդրությունում առկա չէ պարտադիր կամ հարկադիր աշխատանքի եզրույթի սահմանումը: Առաջարկվում է օրենսգրքում սահմանել «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» եզրույթը եւ այդպիսին չհամարվող աշխատանքների շրջանակը՝ հաշվի առնելով Սահմանադրության, ԱՄԿ 29 կոնվենցիայի, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի պահանջները: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ ներկայացնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքում եւ կից օրենքներում առաջարկվող լրացումները:

Օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 6-ի նիստում, որը նախագահել է Հերիքնազ Տիգրանյանը:

Հարակից զեկույցում Լիլիթ Ստեփանյանը նշել է, որ սահմանվելու է պարտադիր կամ հարկադիր աշխատանքի բնույթը: Նրա խոսքով՝ նախաձեռնության ընդունումը հնարավորություն կտա, որ «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքի դրույթներից բխող օգնությունը լինի առավել հասցեական:

Պատգամավորները կարեւորել են առաջարկվող լրացումներն աշխատանքային իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Առաջարկվել է մուրացկանության մեջ ներգրավվելը սահմանել որպես շահագործման տեսակ:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

  • Կիսվել: