ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Առաջարկվում է պետական սեփականություն համարվող հողամասերի օտարումից ևս 30 տոկոս չափաբաժին փոխանցել համայնքի բյուջե

Առաջարկվում է պետական սեփականություն համարվող հողամասերի օտարումից ևս 30 տոկոս չափաբաժին փոխանցել համայնքի բյուջե

Առաջարկվում է պետական սեփականություն համարվող գույքի, այդ թվում` պետական հողամասերի օտարումից 30 տոկոս չափաբաժին փոխանցել համայնքի բյուջե: Գործող կարգավորումներով պետական գույքի օտարման դեպքում էր միայն փոխանցվում, իսկ առաջարկվող փոփոխությունների արդյունքում կփոխանցվի նաեւ պետական սեփականության հողամասերի օտարումից: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի գնահատմամբ առաջարկվող կարգավորումները համայնքների բյուջետային կարողությունների ու հնարավորությունների մեծացման, ֆինանսական ապակենտրոնացման համատեքստում են:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում նախատեսվող փոփոխությունները քննարկվել են Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանին հետաքրքրել է, թե ինչով է պայմանավորված 30 տոկոսի շեմ սահմանելը: Համայնքների համաչափ զարգացման եւ հզորացման տեսանկյունից պատգամավորները կարեւորել են վերոնշյալ չափաբաժնի ավելացումը գոնե 50 տոկոսի չափով:

Փոխնախարարի գնահատմամբ 30 տոկոսի շեմ սահմանելը բյուջեի հնարավորությունների տեսանկյունից կշռադատված է: Նա ընդգծել է, որ, այդուհանդերձ, քննարկվել է ե'ւ 50 տոկոս, ե'ւ 100 տոկոս սահմանելու հարցը:

«Գույքի 30 տոկոսի ընդունված պրակտիկա ունենք, բյուջետային պլանավորման ու կանխատեսումների արդյունքում դա տեսանելի է: Հողի մասով 30 տոկոսը եւս գնահատել ենք, գիտենք, թե ինչքան հող է օտարվել նախկին տարիներին, եւ բյուջեի վրա ազդեցության տեսանկյունից այդ 30 տոկոսը գնահատելի է: Այսինքն` մեծ ցնցում չէ»,- նշել է Վաչե Տերտերյանը եւ հավելել` որքան համայնքների հնարավորությունները մեծանան, այնքան լավ, բայց դա ունի չափ, հնարավորություն եւ նպատակահարմարություն:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Մաթեւոս Ասատրյանը բարձրացրել է մարզերին եւ Երեւան քաղաքին նույն չափաբաժնով շեմ սահմանելու նպատակահարմարության հարցը եւ նշել, որ Երեւանի պարագայում մեծ գումար կկազմի, իսկ համայնքների դեպքում` ոչ:

«Այդքան տարի տրվել են այդ հողատարածքները համայնքներին, բայց համայնքներն օգտակար օգտագործե՞լ են դրանք: Համայնքներում հողերի բաշխվածությունը բերում է լուրջ ներդրումային խնդիրների: Թվում է, թե լավ բան ենք արել, հողերը բաժանել ենք ժողովրդին, բայց դա մեծ խնդիր է առաջացնում համայնքների զարգացման առումով»,- փաստել է պատգամավորը:

Նախորդ տարիների վիճակագրական տվյալները ներկայացնելով` Վաչե Տերտերյանը նշել է, որ վերջին տասը տարիներին համայնքներում օտարվել են 366,5 հեկտար մակերեսով հողամասեր` ընդհանուր 143 մլն դրամով: Առաջարկվող փոփոխության կիրառման արդյունքում համայնքներին կփոխանցվի 143 մլն դրամի 30 տոկոսը:

Քննարկումների արդյունքում օրինագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: