երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Առաջարկվում է պարտադիր դարձնել գույքը վաճառելուց առաջ գույքահարկի գծով պարտավորությունների ամբողջական կատարում

Առաջարկվում է պարտադիր դարձնել գույքը վաճառելուց առաջ գույքահարկի գծով պարտավորությունների ամբողջական կատարում

Ազգային ժողովը քննարկում է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նախագծի հեղինակները «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանն ու Արգիշտի Մեխակյանն են։ Օրինագծով առաջարկվում է պարտադիր դարձնել գույքը վաճառելուց առաջ մինչ վաճառքի ամիսը՝ ներառյալ գույքահարկի գծով պարտավորությունների ամբողջական կատարումը:

Խնդիրն այն է, որ ներկայումս անշարժ գույքի առուվաճառք իրականացնելիս վաճառողը պարտավոր չէ կատարել գույքահարկի գծով իր պարտավորությունները, քանի որ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքը այդպիսի պարտադրանք ունի միայն տրանսպորտային միջոցների համար։ Արդյունքում հետագայում գնորդները խնդիրներ են ունենում, քանի որ երբեմն որոշ վաճառողներ մոլորության մեջ են գցում գնորդին՝ որպես «նվեր» թողնելով գույքային պարտքեր։ Շատ դեպքերում գնորդները ականջալուր չեն լինում նոտարի զգուշացմանը։

Նախագծի ընդունումով ակնկալվում է, որ օրենքի ընդունումից հետո կվերանան բոլոր այն դեպքերը, երբ գնորդը օրենքի չիմացության արդյունքում ձեռք է բերում անշարժ գույք, որը ծանրաբեռնված է մինչ այդ գոյացած գույքահարկով, ինչպես նաև հեշտ վարչարարությամբ կմեծանան համայնքային բյուջեները:

 

 

 

  • Կիսվել: