ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Առաջարկվում է ներհամայնքային փոխադրումների համար մրցույթին սահմանել հաշմանդամություն ունեցողների համար մատչելիության պարտադիր պահանջ

Առաջարկվում է ներհամայնքային փոխադրումների համար մրցույթին սահմանել հաշմանդամություն ունեցողների համար մատչելիության պարտադիր պահանջ

ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանի առաջարկած օրենսդրական կարգավորումը պայմանավորված է մեր երկրում ավտոտրանսպորտային կանոնավոր փոխադրումները ներառական և մատչելի դարձնելու, հաշմանդամություն ունեցող ուղևորների իրավունքների իրացման համար իրավական հիմքեր ստեղծելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարմամբ:

Գործող օրենքով սահմանված է, որ մրցույթին ներկայացվող տրանսպորտային միջոցներում պետք է ներառվեն հաշմանդամություն ունեցող անձանց նստեցման և իջեցման համար հարմարեցված ավտոբուսներ, որոնց նվազագույն քանակը սահմանում է Կառավարությունը:

Գործադիրի որոշմամբ սահմանվել է, որ մրցույթներին ներկայացվող կազմակերպությունների համար սահմանված մատչելի տրանսպորտային միջոցների քանակը կազմում է ընդհանուր քանակի առնվազն 10 տոկոսը: Զարուհի Բաթոյանի գնահատմամբ՝ այս պայմանը չի բխում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի սկզբունքներից և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի պահանջներից:

Պատգամավորը հավելել է, որ առկա կարգավորմամբ բավարար հնարավորություններ չեն ստեղծվում մատչելի տրանսպորտային փոխադրումների համար:

Առաջարկվում է ներհամայնքային փոխադրումների համար մրցույթին ներկայացվող տրանսպորտային բոլոր միջոցների համար սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պարտադիր պահանջ, կարգավորել երթուղիների կազմակերպման ընթացքում հաշմանդամություն ունեցող ուղևորների կողմից աջակցող միջոցների տեղափոխման գործընթացը, հստակեցնել ավտովարորդների պարտականությունները՝ հաշմանդամություն ունեցող ուղևորների փոխադրումը կազմակերպելու ընթացքում:

Կսահմանվի մատչելիության նորմերի պահպանման պահանջ ավտոկայարանային գործունեության կազմակերպման համար, ինչպես նաև մատչելիության պարտադիր պահանջ մինչև այս օրենքի ուժի մտնելն արդեն գործող ներհամայնքային երթուղիները նոր տրանսպորտային միջոցներով համալրման կամ փոխարինման դեպքում:

Ներկայացնելով ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ Լիլիթ Ստեփանյանը կարծիք է հայտնել, որ փոփոխությունները ևս մեկ քայլ են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման և նրանց կյանքի որակը բարելավելու ճանապարհին:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ևս հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցում կարևորել է նախաձեռնության ընդունումը:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններն ու լրացումները քննարկվել են ԱԺ հունիսի 14-ի նիստում:

  • Կիսվել: