երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Առաջարկվում է հստակեցնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման գործընթացները. նախագիծ

Առաջարկվում է հստակեցնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման գործընթացները. նախագիծ

Խորհրդարանը շարունակում է քննարկել Կառավարության ներկայացրած «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: 

«Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական նպաստների մասին» օրենքի ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման հարաբերություններին առնչվող՝ օրենքով սահմանված կարգավորումները «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի պահանջներին համապատասխանեցնելու, ինչպես նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի և երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման գործընթացները հստակեցնելու, լավարկելու անհրաժեշտությամբ»,- ասաց հիմնական զեկուցող, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:

Ներկայացվող նախագծով առաջարկվում է ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնությունը դիմումի հիման վրա վճարել կանխիկ կամ անկանխիկ եղանակով ֆունկցիոնալության խոր աստիճանի սահմանափակումով կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով անձանց:

«Սա հավասարեցնում ենք ներկայումս առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին, առաջարկում ենք նաև հստակեցնել երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու պայմանները օտարերկրյա քաղաքացի ծնողի համար և այն դեպքում, երբ նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը: Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձի, նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսնուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձի երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակել, եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը: Այս դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու, նշանակելու և վճարելու առանձնահատկությունները սահմանելու է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Առաջարկում ենք նաև օրենքից հանել երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելուց և վճարելուց հետո նշանակված նպաստը բռնագանձելու պահանջն այն դեպքում, երբ նոր ծնված երեխայի հերթական կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխան կամ նոր ծնված երեխան նպաստ նշանակելուց հետո հայտնվում են մանկատանը՝ հաշվի առնելով, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստը պարբերական բնույթ չունի, տրվում է կոնկրետ ծննդյան կապակցությամբ և իրավունք տվող պայմանները սահմանված են դիմելու օրվա դրությամբ, հստակեցնել երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և խնամքի նպաստի իրավունք տվող պայմանները՝ առանձնահատկություն սահմանելով առանց ծնողական խնամքի մնացած կարգավիճակով երեխայի խնամակալի խնամքի նպաստի իրավունքի համար և հստակեցնել խնամքի նպաստ նշանակելու պայմանները. (ա) ծնողի և երեխայի՝ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված լինելը, (բ) երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելը»,- պարզաբանեց Խաչատրյանը:

Հարակից զեկուցող, աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձաժողովի անդամ Գայանե Եղիազարյանը հայտնեց՝ նախագիծը քննարկվել է հանձնաժողովում, ստացել դրական եզրակացություն:

  • Կիսվել: