երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Առաջարկվում է առանց թույլտվության աշխատելու իրավունք վերապահել ոչ միայն կազմակերպության՝ ՀՀ-ում գտնվող ներկայացուցչության, այլև մասնաճյուղի օտարերկրյա աշխատակիցներին

Առաջարկվում է առանց թույլտվության աշխատելու իրավունք վերապահել ոչ միայն կազմակերպության՝ ՀՀ-ում գտնվող ներկայացուցչության, այլև մասնաճյուղի օտարերկրյա աշխատակիցներին

«Օտարերկրացիների մասին» օրենքի համապատասխան հոդվածի համաձայն՝ առանց աշխատանքի թույլտվության օտարերկրացիները կարող են աշխատել միայն օտարերկրյա իրավաբանական անձի՝ ՀՀ-ում տեղակայված ներկայացուցչությունում: Այսինքն՝ տվյալ կազմակերպության մասնաճյուղում աշխատանքային թույլտվության համար օտարերկրացին լրացուցիչ գործընթաց պետք է անցնի: Պատգամավոր Գևորգ Պապոյանն առաջարկում է օրենքում լրացում կատարել և ավելացնել «մասնաճյուղեր» բառը: Նա ընդգծել է, որ առկա է նաև Սահմանադրական դատարանի՝ անձի նկատմամբ խտրական վերաբերմունքի վերաբերյալ իրավական դիրքորոշումը:

«Նման խտրական և տարբերակված մոտեցումն օբյեկտիվ հիմքից զուրկ է, իրավաչափ չէ, քանի որ մասնաճյուղի և ներկայացուցչության իրավական կարգավիճակը գրեթե նույնական է: Միջազգային կազմակերպություններից մեկը հաճախ ներկայացուցչություն է բացում, մյուսը՝ մասնաճյուղ»,- ասել է պատգամավորը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝ ներկայացուցչություն է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որը ներկայացնում է իրավաբանական անձի շահերը և իրականացնում դրանց պաշտպանությունը: Մասնաճյուղ է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որն իրականացնում է նրա բոլոր գործառույթները կամ դրանց մի մասը` ներառյալ ներկայացուցչության գործառույթները: Գևորգ Պապոյանի խոսքով՝ ներկայացուցչությունը և մասնաճյուղը իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումներ են, սակայն մասնաճյուղն իրականացնում է ավելի լայն գործառույթներ, քան ներկայացուցչությունը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը համաձայնել է հեղինակի հետ, որ փոփոխությունը կարող է դրական ազդել ներդրումների զարգացման տեսանկյունից, և ազատականացման գործընթացն արդյունավետ կլինի: Նա անդրադարձել է մասնաճյուղի կազմակերպաիրավական ձևով պայմանավորված խնդիրներին՝ նշելով, որ մասնաճյուղերի մասով պետական ռեգիստրում խնդիրներ են առաջանում, իսկ ներկայացուցչության դեպքում հստակ է:

Գևորգ Պապոյանի հավաստմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության հետ նախնական խորհրդակցության արդյունքում հաստատվել է, որ իրավական առումով խնդիր չկա:

Հարակից զեկույցում Լիլիթ Մինասյանը դրական է գնահատել առաջարկվող փոփոխությունը:

ՀՀ միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանի կարծիքով ևս, եթե ներկայացուցչության աշխատողն ազատված է աշխատանքի թույլտվության պահանջից, ապա մասնաճյուղում աշխատողները ևս պետք է ազատված լինեն: Նշվել է, որ գործադիրն առարկություններ և առաջարկներ չունի:

Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 8-ի նիստում:

  • Կիսվել: