երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Առաջարկվել է Հաշվեքննիչ պալատում ծառայություն ներդնել՝ որպես պետական ծառայության նոր տեսակ. նախագիծ

Առաջարկվել է Հաշվեքննիչ պալատում ծառայություն ներդնել՝ որպես պետական ծառայության նոր տեսակ. նախագիծ

Հաշվեքննիչ պալատը սահմանադրական մարմին է և համարվում է պետության կարևորագույն պետական մարմիններից: Նշված օրենքի անհրաժեշտությունն առաջացել է Հաշվեքննիչ պալատի իրավական կարգավիճակի, գործունեության նպատակների ու երաշխիքների հստակեցման, Հաշվեքննիչ պալատի գործունեության կազմակերպման, հաշվեքննության իրականացման, ինչպես նաև պալատում ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությամբ: Այս մասին հունվարի 10-ին կայացած ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասել է հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով իր, Արուսյակ Մանավազյանի, Նարեկ Գրիգորյանի և Էդգար Հակոբյանի հեղինակած ««Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Ըստ հիմնական զեկուցողի՝ նախագիծը կազմվել է ԱԺ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Հաշվեքննիչ պալատի համատեղ երկարատև աշխատանքի արդյունքում և ունի բազմաթիվ համահեղինակներ: Բարեփոխումներն իրականացնելու հիմք են հանդիսացել ոլորտում գոյություն ունեցող չափորոշիչները:

Մի շարք խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նախագծով առաջարկվել է Հաշվեքննիչ պալատում ծառայություն ներդնել՝ որպես պետական ծառայության նոր տեսակ, և հաշվեքննության կազմակերպմանը վերաբերող խիստ ընթացակարգային հարցերը ՀՊ-ի ներքին իրավական ակտերով կարգավորելու հնարավորություն ընձեռել: Առաջարկվում է ամրագրել բյուջետային մուտքերի, ընդերքօգտագործողների, ԿԲ-ի, հանրային սեփականության հավատարմագրային կառավարիչների, պետական միջոցներ ստացած իրավաբանական անձանց գործունեությունը հաշվեքննելու՝ Հաշվեքննիչ պալատի մանդատը: Նախատեսվում է հասանելիություն ապահովել օրենքով սահմանված գաղտնիքներին և անհատական տվյալներին՝ միևնույն ժամանակ նախատեսելով պատասխանատվություն այդ տեղեկատվության օգտագործման համար, ինչպես նաև Հաշվեքննիչ պալատի ներքին աուդիտի, գործադիր, աուդիտի, էթիկայի, որակի հսկողության կոմիտեների ինստիտուցիոնալ կառուցակարգեր ներդնել: Որակավորված մասնագետների համար շուկայականին համահունչ վարձատրության հնարավորություն կնախատեսվի, աուդիտորական բնագավառին բնորոշ պաշտոնների դասակարգման և դրանց ներկայացվող որակական պահանջների և հաշվեքննության հետհսկողության մեխանիզմներ կներդրվեն՝ որպես Հաշվեքննիչ պալատի առաջարկները կյանքի կոչելուն և քաղաքացիների կյանքում դրական փոփոխությունները խթանելուն միտված գործիքակազմ:

Հանձնաժողովի անդամները կարևորել են նախաձեռնությունը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հետաքրքրվել է, թե որքանով է նպատակահարմար Հաշվեքննիչ պալատին բժշկական գաղտնի տեղեկատվության տրամադրումը: Հարցին ի պատասխան՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ բժշկական ոլորտում հաշվեքննությունների բացակայության պատճառով հիմնավոր կասկածներ կան, որ ոլորտին տրամադրվող գումարների մի մասն անհետանում է, ուստի խիստ անհրաժեշտություն է առաջանում տիրապատել այն տեղեկատվությանը, թե ինչի վրա են ծախսվում պետական բյուջեի միջոցները:

«Հանրության և պետության վճարած գումարները պետք է վերահսկելի լինեն, որպեսզի որևէ ԲԿ աշխատակից չմտածի՝ կարող է բժշկական գաղտնիքի հետևում թաքնվելով չնախատեսված օգտագործել պետական միջոցները»,- հիմնավորելով օրենքի նախագծի դրույթը՝ ասել է Գևորգ Պապոյանը:

Քննարկվող թեմային անդրադարձել է նաև Հաշվեքննիչ պալատի նախագահը: Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ գործող օրենքով էլ ՀՊ համապատասխան պաշտոնյաներին հասանելի է այն պետական գաղտնիքը, որին ըստ օրենքի՝ հասանելիություն ունեն այլ պետական մարմինների պաշտոնատար անձինք:

«Նախագիծը Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունն իրականացնելու նախադրյալ ստեղծելու մասին է, որովհետև Սահմանադրությամբ բացառիկ դեպք է, երբ ստեղծված է մարմին, որին հանձնարարված է իրականացնել պետական և համայնքային բյուջեի միջոցների, ինչպես նաև պետական ու համայնքային սեփականության օգտագործման օրինականության և արդյունավետության նկատմամբ հաշվեքննություն»,- նշել է Ատոմ Ջանջուղազյանն ու հավելել՝ ՀՊ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ է, որ կառույցը հասանելիություն ունենա գաղտնի տեղեկատվությանը:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հարակից զեկույցում հայտնել է, որ նախագծի վերաբերյալ գործադիրի առաջարկները հաստատվել են քիչ առաջ՝ Կառավարության հերթական նիստում: Նախարարը տեղեկացրել է, որ օրենքով նախանշված նպատակադրումներն ընդունելի են գործադիրի համար, բայց կան որոշակի դիտարկումներ, որոնք ռիսկեր են պարունակում:

Հիմնական զեկուցող Գևորգ Պապոյանն էլ առաջարկով է հանդես եկել, ըստ որի՝ հարցի քվեարկությունը հետաձգվել է մինչև երկու ամիս ժամկետով: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ նախագծի մասով աշխատանքային քննարկում տեղի կունենա, որից հետո հանձնաժողովի հերթական նիստում քվեարկության կդրվի նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը:

Նիստի ընթացքում քննարկված հաջորդ նախագծով ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը առաջարկել է վերացնել «Քաղաքացիական ծառայության մասին» և «Ներքին աուդիտի մասին» օրենքներում առկա հակասությունը, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի նշանակման համար նախատեսել որոշակի բացառություններ՝ գործընթացն ավելի արդյունավետ, հոսուն, ճկուն, ինչպես նաև նպատակամետ դարձնելու համար:

Կառավարության ներկայացուցչի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենսդիրը գործադիրին առաջարկներ չի ներկայացրել, ուստի փոփոխություններ տեղի չեն ունեցել:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվող ««Ներքին աուդիտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը 4 կողմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատվել է հանձնաժողովի նիստում:

  • Կիսվել: