երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Առաջ ասում էին՝ ՀՀԿ-ի իշխանությունն է, ռեկետ են անում,  հիմա ասում եք՝ մենք դրա հետ կապ չունենք. ԲՀԿ անդամ

Առաջ ասում էին՝ ՀՀԿ-ի իշխանությունն է, ռեկետ են անում, հիմա ասում եք՝ մենք դրա հետ կապ չունենք. ԲՀԿ անդամ

Երբ ասում ենք՝ հեղափոխությունից հետո դուխով ենք, ինչ ուզենք կարող ենք փոխել, ինչ ռեֆորմ ուզենք, կարող ենք անել,  չե՞նք կարողանում ավտոկայանատեղիների ռեկետը կանխել: Այս մասին, այսօր Երեւանի ավագանու նիստում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Դուք շատ լավ գիտեք, որ ընկերությունները ավտոկայանատեղիները մեզնից վերցնում են շատ էժան գնով, մենք սիրուն քվեարկում ենք, ասում ենք՝ թող մարդկանց տան այդ ավտոկայանատեղիները: Ամեն մեքենայի համար վճարում են 100 հազար դրամ, եւ օրվա ընթացքում այդ ավոտոկայանատեղին 180 անգամ վերավաճառվում է օդում մաֆիայի ռեկետի միջոցով: Դուք չգիտե՞ք սրա մասին: Դուք չգիտե՞ք, թե դա որքան եկամուտ է բերում: Մենք դա վերահսկելուն ուղղված ոչինչ չե՞նք ձեռնարկում: Առաջ ասում էին՝ ՀՀԿ-ի իշխանությունն է, նախկին քաղաքապետն է, իրենք ռեկետ են անում, հիմա ասում եք՝ մենք դրա հետ կապ չունենք: Ինչո՞ւ ենք այդ հանցագործությունները հանդուրժում»,-ասաց ԲՀԿ անդամը:

ԲՀԿ խմբակցության անդամը թվարկեց ավտոկայանատեղիների համար դիմած ընկերությունների անունները՝ նշելով. «Օրինակ, «Վաղարշ եւ որդիներ» կոնցեռնը 25 մեքենայի տեղ մեզնից ուզում է: Որեւէ մեկդ գնացել տեսե՞լ է, որ այդ 25 մեքենայի տեղում կանգնեցնում է 50-ից ավելի մեքենա, էլ չեմ ասում՝ հարակից փողոցներում, օրական 300-500 դրամ ռեկետ եւ յուրաքանչյուր ավտոկայանատեղի ունի 2-3 փարքինգի լեւի աշխատող: Ոստիկանությունում էլ նրանց հետ փոխկապակացված անձինք կան, ես փաստերը կներկայացնեմ: Եթե այստեղ գերշահույթներ կան, ես առաջարկում եմ՝ մենք շահագործենք, գումարը թող համայնքային բյուջե գա»:

  • Կիսվել: