երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արաբ գործընկերները շատ մեծ հետաքրքրությամբ են նայում հայկական նախագծերին․ Վահան Քերոբյան

Արաբ գործընկերները շատ մեծ հետաքրքրությամբ են նայում հայկական նախագծերին․ Վահան Քերոբյան

Մենք պետք է սկսենք գյուղատնտեսությանը նայել բիզնեսի տրամաբանությամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Մարդը պետք է հաշվի իր եկամուտները եւ եթե իրեն ձեռնտու չէ՝ չանի այդ ծրագիրը, եւ հակառակը։ Եթե մենք գյուղատնտեսությանը նայենք ոչ թե որպես բիզնես, այլ սոցիալական ծրագիր, երկարաժամկետ հեռանկարներ չենք ունենա։ Խաղողագործների հետ կապված խնդիրը եւս դրա մեջ կարելի է դիտարկել՝ կա գնորդ եւ վաճառող, կառավարությունն այստեղ անելիք չունի։ Եթե գնորդը կամ վաճառողն իրենց ռիսկերը չեն գնահատում, եւ պայմանագիր են կնքում, իրենք պետք է այդ ռիսկի հետ գործ ունենան, մենք ուղղակի աջակցության ծրագիր ունենք։ Այդ աջակցության շրջանակում եղած պայմանագրերն արագ են վճարվել»,- նշեց Քերոբյանը։

Քերոբյանի խոսքով՝ Հայաստանը լոգիստիկ առումով շարունակում է մնալ շատ խնդրահարույց։ Այս խնդրի լուծումը չոր նավահանգստի ստեղծումն է, ինչը մեզ թույլ կտա ավելի լավ կապվածություն ունենալ աշխարհի հետ։

«Ես երկու օր առաջ հանդիպել եմ ամենախոշոր նավահանգստային օպերատորներից DP World-ի ներկայացուցիչների հետ, նրանց ներկայացրել եմ չոր նավահանգստի նախագիծը, քննարկել ենք իրենց հետ համագործակցելու հնարավորությունները։ Դուբայում հանդիպել եմ նաեւ նախարարների հետ, քննարկել ենք համագործակցությունն ընդլայնելու հարցը։ Սա շատ լավ տնտեսական կոնտեքստ ունի, Արաբական Միացյալ Էմիրությունների հետ առեւտրաշրջանառությունը յոթ անգամ աճել է եւ հատել 1 միլիարդի սահմանը։ Հիմա մեր արաբ գործընկերները շատ ավելի մեծ հետաքրքրությամբ են նայում հայկական նախագծերին»,- ասաց նախարարը։

  • Կիսվել: