ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անպարտաճանաչ վարկառուների անունները չեն հրապարակվի

Անպարտաճանաչ վարկառուների անունները չեն հրապարակվի

ՀՀ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Բանկային գաղտնիքի մասի» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։

Մասնավորապես, ըստ փոփոխության, Կենտրոնական բանկն առաջարկում է իրավունքի ուժով արգելել անպարտաճանաչ վարկառուների անունների հրապարակումը: Այն վերաբերում է բանկի հանդեպ խոշոր պարտավորություն ունեցող ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնց բանկային պարտավորությունը կազմել է 20 միլիոն դրամ և ավելի:

Մինչ քվեարկությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը վարման կարգով ասաց, որ պետք է թույլ չտալ նման նախադեպ ստեղծել։

«Մենք ընդունում ենք օրենքներ, որոնք տարիներ շարունակ չեն կիրառվում, այսինքն՝ օրենքները խախտվում են, իսկ երբ որևէ պատգամավորը դա բացահայտում է, ապա գալիս և փոփոխության են ենթարկում այդ դրույթը։ Կարծում եմ, որ նման բան չպետք է թույլ տալ այստեղ։ Նման ձևով արհամարհել ԱԺ-ի կողմից ընդունած օրենքի դրույթն ու չկիրառել, և բացահայտվելուց հետո, կիրառելու փոխարեն գալ ու այդ օրենքը փոփոխել, կարծում եմ, անընդունելի է»,- ասաց Մանե Թանդիլյանը։

Նախագծին կողմ քվեարկեց 82, դեմ՝ 30 պատգամավոր։

Նշենք, որ ըստ գործող օրենքի, ԿԲ-ն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ մամուլով պետք է հրապարակեր բանկերի կամ առանձին բանկի հանդեպ խոշոր պարտավորություններ ունեցող անպարտաճանաչ պարտապանների անուններն ու անվանումները, սակայն խախտել է օրենքի պահանջը: Անպարտաճանաչ է համարվում 180 օր և ավելի խախտում թույլ տված պարտապանը:

  • Կիսվել: