ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Անկախության տոնին Գյումրի է գնացել 15000 մարդ, բայց այդ օրը տպվել է նույնքան ՀԴՄ, որքան 15 օր առաջ. Նիկոլ Փաշինյան

Անկախության տոնին Գյումրի է գնացել 15000 մարդ, բայց այդ օրը տպվել է նույնքան ՀԴՄ, որքան 15 օր առաջ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում ստվերի դեմ պայքարի հետ կապված ունենք և՛ լավ, և՛ վատ նորություններ: Այս մասին «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ լավ նորությունն այն է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը նախորդ տարիներին ընդունված իր զեկույցներից մեկում արձանագրել է, որ եթե ՀՀ-ում հարկեր/ՀՆԱ ցուցանիշը տարեկան 0.3 տոկոսի շարժ ունենա, դա կհամարվի լավագույն հաջողությունը ՀՀ-ի համար։ «Այսօրվա վիճակով  հարկեր/ՀՆԱ ցուցանիշը մենք բարելավել  ենք մոտ 1.2 տոկոսով։ Այսինքն՝ ԱՄՀ–ի նշածից 4 անգամ ավելի»,- նշել է վարչապետը։

Ինչ վերաբերում է վատ նորությանը, Նիկոլ Փաշինյանը ասաց, որ դա վերաբերում է վարքագծային բաղադրիչին: Նա նշեց, որ դժվար է վարքագիծ փոխելը և որպես օրինակ բերեց Գյումրին: «Տեղյակ եք, որ այս տարի անկախության տոնակատարությունները եղել են Գյումրիում, 15 հազար մարդ է այցելել Գյումրի, ամբողջ օրը ռեստորաններում և սրճարաններում ընդհանրապես տեղ չկար, շատ մեծ տնտեսական շարժ կար։  Ինձ համար հետաքրքիր էր, թե սեպտեմբերի 21-ին Գյումրիում առևտուրն ինչ շարժ է գրանցել և ինձ համար անսպասելի մի բան պարզվեց, որ ՀԴՄ կտրոնները տպվել են նույն չափով, ինչ նախորդ օրերին»,- նշեց նա։

Ըստ նրա՝ այդ օրը  Գյումրիում առևտրի ծավալն ավելացել էր ընդամենը 10 մլն դրամով, բայց տպված ՀԴՄ-ների թիվը չէր փոխվել 15 օր առաջվա համեմատ:

«Սա իրականում վատ նորություն է: Ես, գործընկերություն ասելով, սա նկատի ունեմ: Գյումրիում մեր գործարարներն իմացել են, որ այդ օրը հարկայինն այդտեղ ոչ մի բան չի անելու, «ռեյդ» չի լինելու: Կառավարությունն իր գործողություններով այդպիսի մասշտաբային միջոցառում է իրականացրել, որը Գյումրիի բիզնեսի համար մի հնարավորություն է, որի հետևանքները մինչև այսօր էլ նկատվում են, բայց այդ բիզնեսն իր կողմից կես քայլ պե՞տք է անի, թե՞ չանի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: