ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Անչափահասները, հնարավոր է, չլինեն հայտարարագիր ներկայացնողներ. փոխնախարարը՝ համընդհանուր հայտարարագրման համակարգի մասին

Անչափահասները, հնարավոր է, չլինեն հայտարարագիր ներկայացնողներ. փոխնախարարը՝ համընդհանուր հայտարարագրման համակարգի մասին

Հայաստանում նախատեսվող համընդհանուր հայտարարագրման համակարգի համատեքստում, գուցե, հայտարարատուների շրջանակում չընդգրկվեն անչափահասները, կառավարությունն այս մասով դեռ վերջնական որոշում կընդունի:

Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվող հայտարարագրման համակարգի ներդրում նախատեսող օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ քննարկման ընթացքում

«Նախատեսվում է 2023 թվականից սկսած՝ փուլային սցենարով ՀՀ-ում ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: Հայտարարագրերը ներկայացվելու են տարեկան պարբերականությամբ: Նախատեսում ենք, որ հայտարարագրերի նախագծերը պատրաստվելու են ՊԵԿ-ի կողմից՝ վերջինիս տրամադրության տակ եղած տեղեկատվության հիման վրա, այնուհետև դրանք հայտարարատուի կողմից կարող են խմբագրվել, ճշգրտվել, լրացվել և արդեն ներկայացվել հարկային մարմնին ՝որպես հայտարարատուի կողմից հաստատված տարբերակ»,-մանրամասնեց փոխնախարարը:

Առաջին փուլում հայտարարագիր ներկայացնողներ կլինեն այն անձինք են, որոնք արդեն իսկ Հանրային ծառայության մասին օրենքի տրամաբանությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնում են հայտարարագրեր: Առաջին փուլով հայտարարատու կլինեն նաև ձեռնարկատիրական միավորների հետ որևէ կերպ կապակցված մարդիկ: Խոսքը այն ֆիզիկական անձանց մասին է, որոնք մասնակից կամ բաժնետեր են մի ընկերությունում, որը հայտարարագրման տարվա համար ունեցել է 1 մլրդ դրամ և ավելի իրացման շրջանառություն, կամ 20 մլն դրամ, կամ ավել ծավալով փոխառություն է ստացել ռեզիդենտ առևտրային կազմակերպությունից, կամ համարվում է իրական շահառու որևէ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունում:

Երկրորդ փուլում հայտարարատու կլինեն նաև այն անձինք, որոնք քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքներ են կատարում կամ ծառայություններ են մատուցում, սակայն ներգրավված չեն առաջին խմբում, և անձինք, որոնք համարվում են վարձու աշխատողներ և ներառված չեն եղել առաջին փուլում: Իսկ երրորդ՝ վերջին տարում արդեն հայտարարատու կդառնան մնացյալ ռեզիդենտ քաղաքացիները: Երրորդ փուլով հայտարարատուների շրջանակը ընդլայնելու այս որոշումը դեռևս կառավարության վերջնական առաջարկը չէ:
 

«Առնվազն անչափահասների հայտարարատու լինելու նպատակահարմարության հարցի քննարկման հարց կա: Գուցե, որոշում լինի, որ այս 3 տարիների ընթացքում անչափահասները չեն լինելու հայտարարագիր ներկայացնողներ»,-նշեց Պողոսյանը:

Զուգահեռաբար նախատեսվում է նաև ներդնել մոտիվացիոն բաղադրիչը՝ ի դեմս սոցիալական ծախսերի: Կրթության և առողջապահության գծով կատարվող փաստաթղթերով հիմնավորված ծախսերը հնարավոր է լինելու նվազեցնել եկամտային հարկի գումարից:

Անդրադառնալով համակարգի ներդրման նպատակին՝ փոխնախարարը պարզաբանեց, որ երեք հիմնական նպատակներ են արձանագրել: Առաջին նպատակը ֆիզիկական անձանց անձնավորված հաշվառման համապարփակ տվյալների բազայի  ստեղծումն է: «Երկրորդ խնդիրը սոցիալական բաղադրիչի ամրագրումն է՝ որպես նաև մարդկային կապիտալում կատարվող ներդրումների խրախուսման քաղաքականություն: Երրորդը հարկերի վճարման մշակույթի ներդրումն ու ամրապնդումն է, որի մասին շատ ենք խոսում, կարևորում, հիմա կարծում ենք, որ պետք է արդեն գործնականում մենք մեր քայլերն ուղղորդենք այդ նպատակին հասնելուն»,-նշեց Պողոսյանը:

Հայտարարագրերը սահմանված ժամկետում չներկայացնելու կամ ոչ լիարժեք ներկայացնելու համար նախատեսված կլինի պատասխանատվություն:

 

  • Կիսվել: