երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ամուլսարի հարցով Կառավարության լռությունը տարօրինակ է, Ոստիկանությունն էլ տարբերակված մոտեցում է ցուցաբերել «Լիդիան Արմենիա»-ի նախկին աշխատակիցների ու Ամուլսարի պահապանների միջև. Նազելի Վարդանյան

Ամուլսարի հարցով Կառավարության լռությունը տարօրինակ է, Ոստիկանությունն էլ տարբերակված մոտեցում է ցուցաբերել «Լիդիան Արմենիա»-ի նախկին աշխատակիցների ու Ամուլսարի պահապանների միջև. Նազելի Վարդանյան

Ջերմուկցիների բողոքը ոչ թե կոնկրետ «Լիդիան Արմենիա» ընկերության, այլ ընդհանարապես այնտեղ հանքարդյունահանման դեմ է. մարդիկ պայքարում են հանուն իրենց առողջ միջավայրի, բնության, առողջ ապրելավայրը պահպանելու: Ջերմուկցիների պայքարը քաղաքական չէ, չպետք է քաղաքական դիվիդենտներ հավաքել այս հարցով: Այս մասին Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող ասուլիսին հայտարարեց բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը, հայտնում է Tert.am-ը։

Նա հիշեցրեց` վերջին օրերին հանքի շահագործման դեմ Ամուլսարում, ապա Երևանում ընթացող բողոքի ակցիաները՝ նշելով, որ Երևանում Ոստիկանությունը շատ տարբերակված մոտեցում էր ցուցաբերել:

 «Մի դեպքում, երբ «Լիդիան Արմենիա»-ի նախկին աշխատակիցներն էին ակցիա իրականացնում, ելույթ ունենում, որևէ մեկը չխոչընդոտեց, որևէ մեկը չասաց, որ արտակարգ դրություն է, վարակի վտանգ կա, լրագրողներն էլ կարողանում էին հարցազրույցներ անել, իսկ այս դեպքում, երբ Ամուլսարի աջակիցները իրարից սոցիալական հեռավորություն պահպանելով բողոքի խոսք էին ասում, նրանց բոլորին տարան Ոստիկանություն: Ոստիկանապետն օր առաջ պետք է հրաժարական տա, որովհետև հեղափոխությունից հետո նման գործընթաց թույլատրելի չէ. եթե պահպանում ես արտակարգ իրավիճակի պահանջները, տարբերակված մոտեցում չպետք է ունենաս տարբեր խմբերի նկատմամբ»,- ասաց Վարդանյանը՝ նշելով նաև, թե երկու փոխոստիկանապետների հրաժարականը կարող է հենց այս դեպքերին առնչվել:

Անդրադառնալով Ամուլսարի հարցով Կառավարության լռությանը՝ Վարդանյանը նշեց, թե դա տարօրինակ է, որովհետև ի սկզբանե հարցն օրենսդրորեն լուծելու բոլոր հնարավորությունները եղել են: Նրա խոսքով՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի համաձայն՝ փորձաքննական եզրակացություն տալուց հետո եթե մեկ տարվա ընթացքում կազմակերպությունը չի սկսում գործունեությունը, այն ուժը կորցնում է:

«Քանի որ ՇՄ նախկին նախարարը շահագրգռվածություն ուներ, որ այս հարցը չլուծվի, և Կառավարությունում որոշ մարդիկ նույնպես շահագրգռված են և խոչընդոտում են, որ հարցը չլուծվի, վերցնում են այդ օրենքը, գլխիվայր դնում ու ասում՝ շինարարությունն էլ գործունեության տեսակ է»,-ասաց Վարդանյանը:

Անդրադառնալով «Լիդիան Արմենիա»-ի այն հայտարարությանը, որ թարմացնում է աշխատողների բազան, և ցանկացողները կարող են դիմել աշխատանքի համար, Վարդանյանն ասաց, թե դա անթույլատրելի է, քանի որ նպատակ ունի պառակտում մտցնել համայնքներում:

«Մարդիկ պանդեմիայի պայմաններում տնտեսապես ծանր վիճակում են, ու ընկերությունը բնակիչներին ոչ թե խոստանում է, որ աշխատանք է տալու, այլ նշում է, թե թարմացնում է բազան՝ քաղաքացիներին հուսադրելով, թե նրանք աշխատանք են ունենալու. սա նպատակ ունի պառակտում մտցնել»,-ասաց նա՝ ընդգծելով նաև, թե չի կարծում, որ այս 2.5 տարվա պայքարից հետո որևէ մեկը կհավատա, որ այդ կազմակերպությունից կարելի է որևէ օգուտ ստանալ:

Վարդանյանն ընդգծեց՝ տարիներ են անհրաժեշտ եղել, որ Ջերմուկը ճանաչում ձեռք բերի որպես առողջարանային քաղաք, բացի այդ՝ բազմաթիվ գործարարներ վարկեր են վերցրել, Ջերմուկի տարածքում գործող հյուրանոցները, ռեստորանները, հյուրատները վերանորոգել ու բերել այն վիճակին, որ բիզնեսից օգուտ ստանան: «Ինչպես կարելի է կայացած բիզնեսը, համբավը, Ջերմուկի՝ հանքային ջրի բրենդի վրա խաչ քաշել: Էլ չեմ ասում, որ այդ ցնցումներից Ջերմուկի հանքային ջրերի կորուստ կարող է գրանցվել»,-նշեց բնապահպանը:

Նրա խոսքով՝ աշխարհի լավագույն մասնագետների բազմաթիվ ուսումնասիրություններն ապացուցում են, որ հանքի շահագործման դեպքում թթվային դրենաժի ազդեցությունն այնքան մեծ է, որ երկիրը նույնիսկ 500 տարի միլիարդներ ծախսելու դեպքում չի կարող վերականգնել ջրերի մաքրությունն ու ջրային ավազանի պաշարները. «Սա նշանակում է, որ այս ծրագրով մենք դատապարտում ենք մեր երկիրը կործանման»:

  • Կիսվել: