ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ամռանը նավթի շուկայում իրավիճակը կկայունանա․ Վահե Դավթյան

Ամռանը նավթի շուկայում իրավիճակը կկայունանա․ Վահե Դավթյան

Նյույորքյան բորսայում նավթի գների հետ կապված ապրիլի 20-ին գրանցված գնանկումը սպասելի էր, InfoPort.am-ի հետ զրույցում ասաց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։

Խնդիրն այն է, որ վերջին ժամանակներում նավթի գնանկմամբ պայմանավորված նավթային պահուստները լի են, ինչն էլ, ըստ փորձագետի, նման իրավիճակի է հանգեցրել․ արդյունքում ԱՄն-ում արտադրվող WTI տեսակի նավթը բացասական արժեք ունեցավ։

«Բայց պետք է նկատել, որ այդ գինը գործում էր մայիսյան ֆյուչերսների համար։ Արդեն երեկ գիշերը ու այս պահին էլ բորսայում շարունակվում է մի գործընթաց, երբ վաճառվում են հունիս ամսվա ֆյուչերսները։ Այս դեպքում մենք տեսնում ենք կայունացում․ ամերիկյան WTI տեսակի նավթը վաճառվում է 2021 դոլարով։ Սա նշանակում է, որ շուկան առավելապես հիմնվում է այն կանխատեսումների վրա, որ մայիսի կեսերից պետությունների մեծ մասը դուրս կգան կարանտինից, ինչն էլ ինչ-որ չափով կակտիվացնի տնտեսությունները, կաշխուժանա տրանսպորտը, արդյունաբերությունը», -ներկայացրեց Վահե Դավթյանը։

Այդուհանդերձ, ըստ փորձագետի, մինչև հունիս նավթի շուկայում կայունացում սպասել պետք չէ․ «Մեր կանխատեսմամբ, ամռանը արդեն, երբ այս պանդեմիայի ալիքները մի փոքր կդանդաղեն և պետությունները դուրս կգան կարանտինային ռեժիմից, նավթի գինը միջազգային շուկայում կարող է հասնել 30-35 ԱՄՆ դոլարի»։

Հարցին, թե ի՞նչ է այս ամենը ցույց տալիս, արդյոք նավթի ժամանակաշրջանն ավարտվում է, Դավթյանն ի պատասան նկատեց, որ դրա մասին խոսելը դեռ վաղ է։

«Համաշխարհայինի տնտեսության մեծ մասը, անգամ՝ բարձր տեխնոլագիաների ոլորտը շարունակում է կախվածության մեջ գտնվել ածխաջրածնային էներգետիկայից։ Սա մի փուլ է, որը շարունակություն է ունենալու մինչև 21-րդ դարի կեսերը։ Այնպես որ ես վաղաժամ եմ համարում այն հայտարարությունները, թե նավթի դարաշրջանը ավարտվում է», -հավելեց մեր զրուցակիցը։

Սակայն այս ամենի արդյունքում, ըստ փորձագետի, վերադասավորումներ կարող են տեղի ունենալ համաշխարհային էներգետիկ բալանսում, որում տեսակարար կշիռն է ավելացնում բնական ու հեղուկ գազը։ «Ի վերջո, հեղուկ գազը համարվում է էկոլոգիապես մաքուր և շատ դյուրին է դրա տեղափոխումը՝ նավթամուղեր, խողովակաշարեր չի պահանջում տեղափոխելու համար: Կարող են տեղի ունենալ փոխակերպումներ էներգետիկ բալանսում, բայց նավթը կշարունակի իր տեղը զբաղեցնել», -նշեց Վահե Դավթյանը։

  • Կիսվել: