շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ամփոփվեցին Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում իրականացված ծրագրերի արդյունքները

Ամփոփվեցին Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում իրականացված ծրագրերի արդյունքները

 Գեղարքունիքի  մարզպետարանում, հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում,  տեղի ունեցավ IRAPA հարթակի պիլոտային կոմիտեի ժողովը, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը,  Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան Պիեռ Բարբիեն, Սևան-Գրենոբլ, Գորիս-Վիեն քույր քաղաքների պատվիրակություններ, Գեղարքունիքի մարզպետարանի և Իզերի դեպարտամենտի  պատասխանատու աշխատակիցներ, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում համագործակցության տարբեր ոլորտներում ծրագրեր իրականացրած օպերատորներ։

Բացման խոսքով հանդես եկավ և հյուրերին ողջունեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ հայտնելով իր գոհունակությունը ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում մարզում  իրականացված ծրագրերի արդյունքներից։

«Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Իզերի դեպարտամենտի ղեկավարին  և նրա գլխավորած  պատվիրակությանը։  Մեր նախորդ հանդիպումը կայացել է Իզերի դեպարտամենտում, որի ընթացքում քննարկվել են համագործակցության ընթացքին և հեռանկարներին վերաբերող թեմաներ։ Իմ երախտագիտությունն եմ հայտնում նաև համագործակցության շրջանակներում  ոլորտային  տարբեր ծրագրեր իրականացնող  կազմակերպություններին, և վստահ եմ, որ մեր առաջիկա համագործակցությունը  ևս կլինի ավելի ընդգրկուն և փոխշահավետ։ Հավելեմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսել է համաֆինանսավորել այն ծրագրերը, որոնք կիրականացվեն ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում։ Իսկ սա իր հերթին մեզ հնարավորություն կտա՝ ավելի մեծածավալ ծրագրեր իրականացնելու»։

Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան Պիեռ Բարբիեն իր հերթին ողջունեց  ժողովի մասնակիցներին և Իզերի դեպարտամենտի և IRAPA հարթակի անունից  առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի մարզպետին՝ ջերմ ընդունելության համար։ «Ես տեսնում եմ, թե որքան մեծ է Ձեր ուշադրությունը և հոգատարությունը զբոսաշրջության, առողջապահության և ֆրանսախոսության   ոլորտներում  մեր կողմից իրականացրած ծրագրերի հանդեպ։ Նախորդ օրը ես մեծ տպավորություն ստացա Գեղարքունիքի մարզի թատրոնում և թանգարանում՝ ծանոթանալով հայկական մշակութային  արժեքներին և ոգևորվեցի այն երեխաներով, ովքեր  առաջին քայլերն են անում ֆրանսերեն լեզվի և մշակույթի ուսումնասիրման ոլորտում։ Ես կարծում եմ, որ մեր հետագա համագործակցությունը նույնպես կլինի արդունավետ՝ հենվելով նախկին փորձի և առկա   ձեռքբերումների վրա»,-նշեց Ժան Պիեռ Բարբիեն։

Ողջույնի խոսքով հանդես եկան Սևանի, Գրենոբլի, Գորիսի, Վիենի համայնքապետարանների ներկայացուցիչները, ծրագրերն իրականացնող կազմակերպությունների ղեկավարներն անդրադարձան IRAPA հարթակի ծրագրերի համաֆինանսավորմանը, զբոսաշրջության, ֆրանսախոսության, տեխնոլոգիական վերապատրաստման, առողջապահության, մշակույթի  ոլորտներում 2020-2022 թվականներին Գեղարքունիքի  և Սյունիքի մարզերում  իրականացված  ծրագրերի արդյունքներին, խոսեցին 2023–2025 թվականներին նախատեսված ծրագրերի մասին։

  • Կիսվել: