ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները, Կիևին զենք տրամադրելով, երկարացրել են պատերազմն Ուկրաինայում. ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան
ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է․ «Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները չեն կարող թաքցնել այն անհերքելի փաստը, որ առաջադեմ զենք ուղարկելով Կիև, երկարացրել են պատերազմն Ուկրաինայում և վնաս հասցրել խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին», գրում է parstoday.ir-ը:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ԱԽ նախագահին ուղղված նամակում, հերքելով ուկրաինական պատերազմում Թեհրանի դերակատարության վերաբերյալ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի անհիմն մեղադրանքները, Ամիր Սաիդ Իրավանին նշել է․ «Ցանկացած պնդում, թե Իրանը զենք է վաճառում Ռուսաստանին կամ խախտում է միջազգային պարտավորությունները, անհիմն է»։
Իրավանին նշել է, որ ի հեճուկս ԱՄՆ-ի պնդումների, այդ երկիրը տարածաշրջանում և աշխարհում ահաբեկչության հիմնական աջակիցն ու խթանողն է և Իսրայելի ռեժիմի՝ աշխարհի ամենավտանգավոր ահաբեկչական ռեժիմի աջակիցների շարքում առաջին տեղում է։
Ուկրաինայում պատերազմը սկսվել է 2022 թվականի փետրվարի 24-ին՝ Մոսկվայի անվտանգության մտահոգությունների նկատմամբ Արևմուտքի անտարբերության և Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ընդլայնման հետևանքով։
Վերջին շաբաթների ընթացքում Ուկրաինան ակտիվացրել է ԱԹՍ-ներով հարձակումները, հատկապես ՌԴ Կուրսկ երկրամաս ներթափանցելուց հետո։