ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ամենաճգնաժամային իրավիճակում այսօր առողջապահության ոլորտն է. քննարկում կառավարությունում

Ամենաճգնաժամային իրավիճակում այսօր առողջապահության ոլորտն է. քննարկում կառավարությունում

Ամենաճգնաժամային իրավիճակում այսօր առողջապահության ոլորտն է՝ թե ընթացիկ հարցերը լուծելու, թե կապիտալ զարգանալու առումով: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ըստ նախարարի, փաստացի ընթացիկ պլանային վիրահատություններն ու այցերը կրճատվելու պատճառով ոլորտը նաև ֆինանսական դժվարությունների առաջ է կանգնելու։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ այդ դժվարությունների պատճառով որևէ բուժհաստատություն՝  հատկապես խոշոր խնդիր լուծող, կանգնեն սնանկացման կամ փակվելու վտանգի առաջ»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր կառավարության կողմից հաստատված Կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագրում կա առողջապահության վերազինմանը վերաբերող առանձին գլուխ:

«Երկրորդ, այս ծրագրերից կարող են օգտվել նաև առողջապահական հիմնարկները: Այստեղ որեւէ սահմանափակում չկա: Կա նաև մի նրբություն, որը պետք է հաշվի առնել։ Երբ խոսվում է առողջապահական համակարգի հզորությունների մասին, այսօր աշխարհի ամենաառաջատար առողջապահական համակարգեր ունեցող երկրները կանգնած են կիսակոլապսային վիճակի առաջ: Ենթադրվում է, որ կորոնավիրուսից հետո առողջապահական համակարգերի հայեցակարգերի վերափոխումներ նույնպես կլինեն: Հիմա ամենակարևոր հարցն է՝ կորոնավիրուսից հետո կոնցեպտուալ մակարդակում առողջապահական բանաձևերը պետք է շարունակեն նույն ձևի գործել, թե բոլորովին տրամաբանությունն ու կառուցվածքը պետք է փոխվի»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ենթադրում են, որ բյուջեի մասին օրենքում ծախսերի և եկամուտների մասով նույնպես որոշակի փոփոխություններ պետք է ունենան։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ անցած տարվա հունիսին, օգոստոսին, նոյեմբերին արված կանխատեսումները  2020 թ-ի և առաջիկա տարիների համար կորցրել են իրենց արդիականությունը:

«Բյուջեում կատարվելիք այդ փոփոխությունների բովանդակությունն այն է, որ հարկաբյուջետային քաղաքականությունը հակացիկլիկ իր տրամաբանությունն է փորձում իրականացնել և ավելացնել մասնակցությունը տնտեսության մեջ: Ինչ վերաբերում է մեր հիմնարար աշխատանքներին, ուզում եմ ասել, որ մենք անելու ենք այն, ինչ կառավարության ծրագրով նախատեսված էր, ուղղակի դա անելու ենք ավելի արագ և ավելի խորը տրամաբանությամբ», - ասաց Ջանջուղազյանը։

Նիստում որոշում կայացվեց մինչեւ ապրիլի 1-ը թեկուզ հեռակա կարգով կառավարության նիստ հրավիրեն և այս փոփոխությունները կատարեն, որպեսզի հնարավոր լինի Կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագրից բխող քայլերն արագ կատարել, որ գումարները մտնեն տնտեսություն ու շրջանառվեն:

  • Կիսվել: