Մտադիր ենք խորանցնել գործընկերությունն ԱՄՆ-ի հետ. Թուրքիայի ֆինանսների նախարար
Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարար Մեհմեթ Շիմշեքն անդրադարձել է ԱՄՆ գանձապետարանի նախարար Սքոթ Բեսենթի հետ հանդիպմանը, գրում է ermenihaber.am-ը:
Սոցցանցյան գրառման մեջ Շիմշեքը, հանդիպումը որակելով դրական, նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը ոչ միայն խորացնելու, այլև ընդլայնելու՝ ընդգրկելով առևտուր, ներդրումներ, պաշտպանություն, տիեզերք, էներգետիկա, արհեստական բանականություն և ռոբոտաշինություն:
Նա ընդգծել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդությամբ, երկուստեք համագործակցությունը կբերի մեծ օգուտներ թե երկու երկրներին, թե տարածաշրջանին։
Շիմշեքը նաև նշել է, որ երկու երկրների միջև կա համագործակցության հսկայական ներուժ, որը կհանգեցնի տնտեսական աճի, տեխնոլոգիական առաջընթացի և տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության:
Բեսենթը ևս հանդիպման վերաբերյալ սոցցանցյան գրառմամբ անդրադարձել է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարաբերությունների խորացման հնարավորություններին՝ ընդգծելով, որ Շիմշեքի հետ քննարկվել են նաև համատեղ իրականացվելիք քայլերը Մերձավոր Արևելքի, Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերում։
Հիշեցնենք, որ նախարարների հանդիպումը տեղի էր ուենցել ապրիլի 24-ին, Վաշինգտոնում: