երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ակնկալում էինք, որ մեր գործընկերները կգան և հարցեր կհնչեցնեն. բայց ունենք այն, ինչ ունենք. Թունյանը՝ հայտարարագրման նախագծի վերաբերյալ

Ակնկալում էինք, որ մեր գործընկերները կգան և հարցեր կհնչեցնեն. բայց ունենք այն, ինչ ունենք. Թունյանը՝ հայտարարագրման նախագծի վերաբերյալ

Շատ կարևոր նախագիծ ենք քննարկելու, որը վերաբերելու է ՀՀ-ի բոլոր չափահաս քաղաքացիներին: 2026 թվականին ՀՀ-ում հայտարարագիր լրացնելու են մոտ 2 մլն չափահաս մարդ: Այս մասին այսօր ԱԺ-ում անդրադառնալով Ֆիզիկական անձանձ եկամտի համընդհանուր  հայտարարագրման համակարգի ներդրմանը ասաց ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Հաշվի առնելով նախագծի կարևորությունը մենք առաջարկել էինք, որ հարցի քննարկումը լինի մի քիչ ավելի երկար ժամանակային ռեժիմով, այսինքն 2 ժամվա ժամանակային ռեժիմ ենք սահմանել, որպեսզի և՛ հարցերի, և՛ ելույթների համար բավարար ժամկետ լիներ: Ըստ երևույթին, ակնկալելով, որ մեր գործընկերները կգան և իրենց հետաքրքրող հարցերը կհնչեցնեն: Բայց, ունենք այն ինչ ունենք»,- նշեց Բաբկեն Թունյանը:

Խոսելով եկամուտների հայտարարագրման մասին, Թունյանը նշեց, որն դրանց մասին արդեն մի քանի տարի է խոսվում է և տվյալ համակարգի ներդրումը տեղ է գտել կառավարության ծրագրում:

«Պետք է ասել, որ եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը նպատակ չէ, այն գործիք է, իսկ նպատակը, որին այս գործիքի միջոցով պետք է հասնենք: Եթե ավելի լայն ձևակերպենք, ապա սա գործիք է, որպեսզի պետության և հասարակության միջև ձևավորվեն նոր մակարդակի հարաբերություններ, նոր մակարդակի թափանցիկություն և վստահություն: Այսինքն, այս համակարգի ներդրմամբ քաղաքացին նախ ավելի լավ է պատկերացնում իր և պետության փոխհարաբերությունները, տեսնում է ինչքան հարկեր է վճարել, ըստ այդմ կարող է, ըստ այդ վճարած հարկերի, ավելի պահանջատեր լինել: Պետությունն էլ ավելի լավ է ճանաչում իր քաղաքացիներին, կամ եթե ավելի երկարաժամկետ նայենք՝ իր ընտանիքներին»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով, կան շատ դեպքեր, որի հետ բախվել են կորոնավիրուսի ճգնաժամի ժամանակ, «պարզ դարձավ, որ պետությունն իր ընտանիքներին սոցիալական վիճակի առումով չի ճանաչում»: Այսինքն, իրականում չգիտենք փարոսում գրանցված մարդիկ իրականում սոցիալական ինչ կարգավիճակ ունեն, կամ, իրականում չգիտենք, թե ֆորմալ առումով բարձր եկամուտ ունեցող մարդիկ սոցիալական ինչ վիճակում են:

«Այս համակարգը պետք է այդ բացը լրացնի: Այսինքն, այդ անձնավորված հաշվառման համակարգը պետք է թույլ տա պետությանը ավելի լավ պատկերացում կազմել ՀՀ հասարակության, քաղաքացիների մասին: Նաև թույլ կտա ավելի թիրախային, արդյունավետ, սոցիալական և հարկային քաղաքականություն իրականացնել»,- ընդգծեց Բաբկեն Թունյանը:

Նա շեշտեց, որ ռեֆորմը բավականին բարդ է և այսօր այս օրենսդրության ընդունումով չի նշանակում որ «մենք մեր գործն արեցինք պրծանք»: Սա աճող, զարգացող ու շնչող օրգանիզմ է լինելու: Թունյանի խոսքով, երկրներ կան, որ այս ռեֆորմը տևել է 10,15,20 տարի: Նա նշեց, որ հույս ունեն, որ ի վերջո կգա մի օր, որ եկամուտների հայտարարագրման այս համակարգը հասած կլինի հասունացման այն կետին, երբ «մենք բոլորս վերհիշելով այսօրը, երբ մենք քվեարկում էինք այս նախագծի օգտին, մեզ մի քիչ բավարարված կզգանք, որ մեր լուման ներդրել ենք այս կարևոր ռեֆորմի իրականացման գործում»: Նա շեշտեց, որ այս ռեֆորմի հիմնական նպատակը ՀՀ քաղաքացու կյանքն ավելի հարմարավետ, ավելի լավը դարձնելն է և պետական քաղաքականությունն ավելի լավն ու արդյունավետ դարձնելն է:

Բաբկեն Թունյանի խոսքով, հաշվի առնելով հարցի կարևորությունը, այս ընթացքում 2-3 քննարկումներ են կազմակերպել, և նախատեսվում է առաջին ընթերցումից հետո ունենալ խորհրդարանական լսումներ, որտեղ կհրավիրվեն բոլոր մասնագետները, որոնք տեսակետ կունենան այս հարցի հետ կապված:

«Գրեթե բոլոր փորձագետները, որոնք մենք հրավիրում ենք քննարկումներին համակարծիք են՝ կոնսենսուս կա այս հարցում, որ այս համակարգի ներդրումն անհրաժեշտություն է: Այ, մնացած դետալները քննարկման թեմա են: Եվ, որքան էլ տարօրինակ լինի, հիմնական քննարկումը ոչ թե վերաբերում էր նրան, որ մենք սրանով տեխնիկական բեռ ենք ավելացնում քաղաքացիների համար կամ դժվարություն ենք ստեղծում, այլ հակառակը՝ կարծիքներ կար, որ սա ոչ թե պետք է լինի միայն եկամուտների հայտարարագիր, այլ պետք է լինի գույքի և եկամուտների հայտարարագիր: Այսինքն, եթե հայտարարում ենք, որ պետությունը ցանկանում է ավելի լավ ճանաչել իր քաղաքացուն, պետք է ոչ միայն եկամուտները, այլև՝ ունեցվածքը հայտարարագրվի, որովհետև մարդը կարող է ունենալ ենթադրենք ամսական 100 հազար դրամ աշխատավարձ, բայց տանը կախած ունենալ Մարտիրոս Սարյանի կտավ, որն արժի մի քանի տասնյակ հազար դոլար: Դա ուղիղ վերաբերում էր սոցիալական կարգավիճակին, որովհետև, եթե այդ նկարը սեփականության իրավունքով պատկանում է իրեն, ապա իրեն պետք չէ հավասար դիտարկել այն քաղաքացու հետ, որն, ընդհանրապես, ոչ մի բան չունի»,- ասաց Բաբկեն Թունյանն ու հավելեց, որ այդ չափանիշների համախումբը պետք է պետությունն ունենա, որպեսզի հասկանա, թե քաղաքացին իրականում ինչ սոցիալական կարգավիճակ ունի:

  • Կիսվել: